Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ՀՀ ՊՆ հայտարարությանը Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակ բացելու և քաղաքացիական ենթակառուցվածք վնասելու վերաբերյալ։
Գերատեսչությունը հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, իբր, «ևս մեկ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»։
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և օբյեկտների վրա։ Հակառակ կողմը տարածում է միտումնավոր ապատեղեկատվություն և կեղծ տեղեկատվություն՝ ձևավորելով կեղծ կարծիք միջազգային հանրության մոտ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ»:
Նշենք՝ գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել առանց ապացույցներ ներկայացնելու, մինչդեռ ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Խոզնավարի բնակելի տան գնդակոծման լուսանկարներ էր հրապարակել ու նշել, որ պատրաստ են հետաքննելու միջադեպերը:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասվում էր ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Վերջին շրջանում ադրբեջանական կողմի կրակոցները Խոզնավարի ուղղությամբ պարբերական բնույթ են կրում։
Դրանց անդրադարձել էր նաև ՀՀ-ում Եմ դիտորդական առաքելությունը։
«Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները, հնարավոր է՝ դրանք արձակվել են տարածքում գտնվող Ադրբեջանի դիրքից»,- արձանագրել էր առաքելությունը ապրիլի 22-ին տարածած հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
Օրբանը Բուդապեշտից հեռացել է. կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»