«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պատրաստ է, մենք Ռուսաստանի հետ գործարք ունենք: Մենք պետք է պայմանավորվենք Զելենսկու հետ: Ես կարծում էի Զելենսկու հետ հեշտ կլինի: Առայժմ դա մի քիչ բարդ է, բայց դա նորմալ է»,- Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներին ապրիլի 24-ին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Նախօրեին Լոնդոնում նախատեսված՝ ԱՄՆ պետքարտուղարի, նախագահի հատուկ ներկայացուցչի և եվրոպական «եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց պետք է մասնակցեր նաև ուկրաինական պատվիրակությունը, չեղարկվել են, պետքարտուղար Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմը ռուսաստանապատկան ճանաչելու մասին քննարկում չի կարող լինել:
Մինչ այդ Financial Times-ը, հղելով իրազեկ աղբյուրներին, բացահայտել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի միջոցով առաջարկություն է փոխանցել, որ պատրաստ է հրաժարվել Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, եթե Ուկրաինայի հետ համաձայնագրում իրավաբանորեն ամրագրվի, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է:
Ըստ երևույթին, երբ ԱՄՆ նախագահն ասում է, որ Ռուսաստանի հետ գործարք ունի, մնում է պայմանավորվել Զելենսկու հետ, նկատի է ունենում Պուտինի ծրագրին իր համաձայնությունը: Բայց Ղրիմը և մյուս տարածքներն միջազգային իրավունքով պատկանում են Ուկրաինային: Թրամփը սոցցանցային գրառում է կատարել, որտեղ սուր քննադատության է ենթարկել նախկին նախագահ Օբամային, Ուկրաինայի իշխանություններին, որ տասնմեկ տարի առաջ առանց մեկ կրակոցի հանձնել են Ղրիմը:
Փաստացի դա նշանակում է, որ Ղրիմի ռուսաստանապատկանությունն այլևս քննարկման ենթակա չէ: Լոնդոնում նախատեսված բանակցությունները ձախողվել են, որովհետև ուկրաինական պատվիրակությունը բոլորովին այլ մոտեցում ունի՝ նախ հաստատել կայուն և երաշխավորված հրադադար, ապա անցնել մյուս հարցերի քննարկմանը:
Այս ֆոնին Ռուսաստանն անցած երկու օրերին ռմբակոծել է Ուկրաինայի միանգամից մի քանի մարզեր, ինչպես նաև՝ մայրաքաղաք Կիևը: Ուկրաինական աղբյուրները հայտնում են «բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան և խոշոր ավերածությունների մասին»: ԱՄՆ նախագահը կրկին խոսել է «մարդկային կյանքեր փրկելու» մասին: Նրա տվյալներով՝ կողմերն ամեն օր շուրջ հինգ հազար զոհ են ունենում:
Ստեղծված իրավիճակում չափազանց վտանգավոր հայտարարություն է արել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը վերանայել է «միջուկային զսպան հայեցակարգը» և իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել, եթե «արևմտյան երկրները սպառնան նրա և Բելառուսի տարածքային ամբողջականությանը»:
Ընդ որում, Շոյգուն մանրամասնել է, որ Ռուսաստանը կարող է «համաչափ և անհամաչափ պատասխան տալ, եթե նրա դեմ հարձակում իրականացվի նաև ոչ միջուկային սպառազինության կիրառմամբ»:
Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, ըստ 2022 թվականի հոկտեմբերի 4-ի սահմանադրական օրենքի ներառնում է ոչ միայն Ղրիմը և Դոնբասը, այլև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի այդ պահի դրությամբ գրաված հատվածները:
Շոյգուի տրամաբանությամբ՝ եթե Ուկրաինան փորձի մարտական գործողություններ սկսել, որպեսզի վերադարձնի իր տարածքների մի մասը, ապա Ռուսաստանը կդիմի «անհամաչափ պատասխանի»: Ուկրաինական ԶՈՒ գործողությունները դժվար չէ ներկայացնել որպես ՌԴ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ «արևմտյան երկրների ոտնձգություն»:
Շոյգուի այս հայտարարությունից հետևում է, որ Զելենսկու կողմից ռուս-ամերիկյան «գործարքի» մերժման պատասխանատվությունը Մոսկվան բարդում է եվրոպական «եռյակի» պատասխանատվությանը և դիմում է բազմիցս փորձարկված միջոցի օգնությանը՝ եվրոպական երկրների հանրություններին սպառնալ «ապոկալիպսիսով»:
Պետք է խոստովանել, որ այդ սպառնալիքը գործում է, քանի որ եվրոպական «եռյակի» առաջնորդները ոչ մի երաշխիք չունեն, որ Պուտինը չի սեղմի «միջուկային կոճակը»: Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Պուտինին դիվանագիտական տրիումֆ է պետք:
Բաց մի թողեք
Մոսկվան Եվրամիության հետ դիմակայությունը «տրանզիտով» տեղափոխում է Կենտրոնական Ասիա
Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն
Երբ Պուտինը չի գնում Էրդողանի մոտ, Էրդողանը որդուն Մոսկվա «բանագնա՞ց է ուղարկում»