08/05/2025

Նորմալ դատախազը գնալու էր, ասեր՝ իմ վրա դա մի դրեք, ես ի՞նչ գործ ունեմ Ռենջ Ռովերի հետ

Ավելի քան 10 օր մնալով խորհրդակցական սենյակում` Սահմանադրական դատարանը օրեր առաջ սահմանադրական ճանաչեց ընդդիմադիրների վիճարկած Ապօրինի հարստացման մասին օրենքը, որով դատախազությունը ապօրինի է որակում որոշ քաղաքացիների ունեցվածքը, դիմում դատարան՝ դրանք պետության օգտին բռնագանձելու պահանջներով:

Բարձր դատարանն իր եզրակացության մեջ երկու մեկնաբանություն է արել օրենքի 5- րդ և 24-րդ հոդվածների վերաբերյալ, որոնք մինչ այժմ այլ կերպ էր մեկնաբանում դատախազությունը: Ըստ այդմ, բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց պահից ի վեր, ինչպես նաև՝ այն գույքը, որը կապ ունի կոնկրետ հանցանքի եւ վարույթի հետ:

Մնացած դրույթները ՍԴ-ն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, բայց այս մեկնաբանությունը խիստ նեղացնում է դատախազության գործունեության դաշտը եւ սահմանափակում իշխանությունների` գույքի բռնագանձման «ախորժակը»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը 2021 թվականից սկսած քննում էր ընդդիմադիր պատգամավորների դիմումը, որով վիճարկում էին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը: Սահմանադրական դատարանը քննության ընթացքում չէր կասեցրել օրենքի կիրառումը, եւ այս ընթացքում դատախազությունը շարունակում էր գործեր քննել, դատարան հայցեր ուղարկել՝ պահանջելով ապօրինի որակել անցած 30 տարիներին աշխատած նախկին պաշտոնյաների գույքն ու ունեցվածքը:

Ավելին, ՍԴ-ն դիմել էր Վենետիկի հանձնաժողով, ապա ՀՀ դատախազություն` ինչ որ հարցեր ճշգրտելու համար եւ դա էր պատճառը, որ այս դիմումի քննությունը հնարավորինս ձգձգեցին` դատախազությանը թույլ տալով մեծ թվով վարույթներ քննել, գույք բռնագրավել, ստիպել, որ դատախազություն գնալ-գալուց հոգնած մարդիկ հաշտության գնան պետության հետ` կամովին զիջելով իրենց ունեցվածքը:

Մինչ օրս կայացված 12 վճիռներով պետությանն է վերադարձվել 17 միլիոն դոլարից ավելի գումար։ Անցած տարիներին դատարան է ուղարկվել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, 270 շարժական, 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասում է՝ այստեղ 2 լուրջ խնդիր կա․ «ՍԴ-ն կիսատ է որոշում կայացրել, բայց ՍԴ-ն մեղավոր չէ, որովհետեւ օպոզիցիայի դիմումը եղել է կիսատ։ Ապօրինի գույքի դեմ պայքարը լավ բան է, բայց այս մեխանիզմով չէ։ Ապօրինի գույքի դեմ պայքարը պետք է լինի 1-2 նիստով, այսինքն՝ ապացուցվել է, որ Պողոս Պողոսյանի գույքն ապօրինի է, ընդամենը դատական ակտ է պետք գույքը տանելու համար, իսկ մեր մոտ ի՞նչ է տեղի ունենում։ 7-րդ տարին է՝ կան գործեր, որոնք քննվում են ու դեռ երկար են քննվելու, որովհետեւ նախ չես կարողանում ապացուցես, որ դա ապօրինի գույք է եւ հետո՝ դա երկար է տևելու։

Հաջորդը` քո Սահմանադրության մեջ գրված է, որ դատախազությունը բացառիկ դեպքերում է հայցեր հարուցում դատարան, դրա բացառիկությունն ինչո՞ւմն է։ Դուք ստեղծեք ինստիտուտ՝ ապօրինի գույքի դեմ պայքարի։ Այդ լիազորություններն ինչո՞ւ եք տվել դատախազությանը։ Այն վերածվել է դատախազական բեսպրեդելի՝ կուզեմ կանեմ, կուզեմ` չեմ անի, հիմա ես քեզ դատի կտամ` մի 5 տարի հետո կպարզենք։ Մարդիկ կան, որոնց դեմ դիմել են դատարան, որը չինովնիկ չի եղել, եղել է սովորական քաղաքացի»։

Սիրունյանն ասում է՝ իրենց գրասենյակը դիմելու է ԱԺ խմբակցություններին, առաջարկելով կրկին դիմել ՍԴ․ «Դատախազն այդ իրավունքը պետք է  չունենա․ տեռորի են ենթարկում մարդկանց, էլ հող են ուզում, փող են ուզում։ Դրա համար են գրել Սահմանադրության մեջ՝ դատախազը դատարան դիմում է բացառիկ դեպքերում: Այս վերջերս դատախազը դիմել է Վանաձոր քաղաքում 90 քառակուսի մետր հողամասի հայցով, ամոթ է, չե՞ք ամաչում, էդ եղավ դատախազի գո՞րծ, 20 տարվա աճուրդ։ Դա դատախազի գործ չէ, դատախազի գործն այլ բան է։ Նորմալ դատախազը գնալու էր, ասեր՝ իմ վրա դա մի դրեք, սա դատախազի գործ չէ, իմը քրեական գործն է, մեղադրանքն է, քրեական հետապնդումն է, ես ի՞նչ գործ ունեմ Վանաձոր քաղաքի գարաժների հետ, ես ի՞նչ գործ ունեմ Ռենջ Ռովերի հետ»։