Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով պարբերաբար շրջանառվում է տեսակետը, որ ցեղասպանության ոճրագործության հանդեպ լավագույն պատասխանը ուժեղ հայկական պետականությունն է, որը կլինի նաև հայերի պաշտպանության գրավականը: Սա անվիճելի է, և այստեղ քննարկելու բան էլ, ըստ էության, չկա:
Քննարկելիքը պետք է սկսի «ինչպեսից», ինչպե՞ս կառուցել այդ պետությունը՝ ուժեղ, պաշտպանված, անվտանգ, որը նաև նորմալ հարաբերություն ունի իր բոլոր հարևանների հետ, բայց միևնույն ժամանակ այդ հարաբերությունը հաստատվել է ուժերի բալանսի, այլ ոչ թե հարեւաններից մեկի կամ երկուսի շանտաժի ու սպառնալիքի ներքո թելադրված միակողմանի պահանջների վրա:
Այստեղ է գլխավոր հարցը, որովհետև ոչ ոք չի էլ կարող վիճարկել, որ ցեղասպանության զոհերի հիշատակի ամենախոսուն «կոթողը», հիշատակի հանդեպ ամենամեծ և մնայուն հարգանքը, դա հայկական ուժեղ ու մրցունակ պետականությունն է: Բայց այդպիսի պետականությունը ցանկություններով չէ, որ ձևավորվում է կամ կձևավորվի:
Այդպիսի պետականությունը կարող է ձևավորվել միայն այն պարագայում, երբ հնարավոր լինի իրացնել Հայաստանում գոյություն ունեցող հասարակական ամբողջ ներուժը, ստեղծել դրա համար առավել բարենպաստ միջավայր:
Բայց, նույնիսկ այդ պարագայում հազիվ թե հնարավոր լինի լուծել խնդիրը, եթե այդ ներքին ներուժի առավելագույն դրսևորման համար նպաստավոր միջավայրին զուգահեռ, հնարավոր չլինի նաև ապահովել արտաքին գործոնների ներգրավման անհրաժեշտ գրավիչ միջավայր:
Եվ դա վերաբերում է ոչ միայն սփյուռքի մեր հայրենակիցների հետ աշխատանքին, այլ նաև արտաքին օտարերկրյա ներդրողների, գործընկեր պետությունների և կազմակերպությունների հետ աշխատանքին:
Մենք չենք կարող հորինել հեծանիվ, և պետք էլ չէ այն հորինել: Պարզապեսբմենք պետք է կարողանանք ունենալ աշխարհի լավագույն փորձն ուսումնասիրելու, միաժամանակ այն հայկական մենթալ և սոցիալ-հոգեբանական իրականության մեջ տեղայնացնելու հմտություն, մասնագիտական կոմպետենտություն, պետական լայնախոհություն:
Այլ կերպ ասած, խնդիրը նույնիսկ այն չէ, որ հեծանիվ հորինելու փոխարեն մենք վարենք արդեն հորինվածը և դրանով երթևեկենք Հայաստանում: Խնդիրն այն է, որ մենք կարողանանք ստանալ Հայաստանի համար առավելագույն կենսունակ, առավելագույն կիրառելի մեխանիզմը, որը գործնականում կտանի մեզ դեպի այն պետություն, որի մասին խոսում ենք յուրաքանչյուր ապրիլի 24:
Սակայն մեր հասարակական-քաղաքական կյանքն իր կառուցվածքով, օրակարգերով և հարաբերությունների տրամաբանությամբ բոլորովին հեռու է այդօրինակ մեխանիզմից: Ավելին՝ բոլորովին այլ է նաև երթևեկության ուղղությունը:
Բաց մի թողեք
Իրադարձությունների հետագա ընթացքից և ընդհանրապես իրականությունից կտրված չմնալու համար
Վաղուց հայտնի է, որ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է մոդուլային ատոմակայանների կառուցում …
Ժողովուրդը թամաշա կսիրե, ԱԺ-ում այսօր ծեծռտուքի տեսքով ապահովվեց