25/04/2025

Տոկաևը վտանգ է զգում ՌԴ-ից կամ Պուտինից, որովհետև ․․․

«Ղազախստանը կոշտ կկանխի խաղաղությունը և ազգամիջյան համերաշխությունը խաթարելու սադրանքները»,- Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի հերթական նիստի ելույթում հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Պետք է կարողանալ հատիկը տարբերել թեփից, կառուցողական քննադատությունը՝ մերկապարանոց ճոռոմաբանությունից, անքեն հումորը զազրելի վիրավորանքից: Օրենքի առջև բոլորը հավասար են, ուստի մենք կոշտ կանխել և կանխելու ենք ցանկացած սադրանք և ինսինուացիա, որ ուղղված է ազգամիջյան համերաշխության և խաղաղության խաթարմանը, որտեղից էլ, որ դրանք դրսևորվելու լինեն»,- Տոկաևի ելույթից մեջբերում է tengrinews-ը:

Տոկաևը շեշտել է, որ Ղազախստանի շուրջ ստեղծվում է «քաղաքական բացասական համատեքստ», որին նպաստում են նաև արտերկիր տեղափոխված նախկին քաղաքացիները, որ «փորձում են անգամ շանտաժի ենթարկել պետական մարմիններին»: Նա ընդունել է, որ Ղազախստանում կան խնդիրներ, բայց հավաստիացրել, որ դրանք կլուծվեն ազգային շահերի և օրենսդրության հիման վրա:

Տոկաևը Ղազախստանի ժողովրդին բնութագրել է որպես, պատմա-մշակութային և քաղաքական ամբողջություն, որի ավանդույթները և արժեհամակարգն արմատներով հասնում են դարերի խորքը»:

Չափազանց ուշագրավ է, որ Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի լիագումար նիստ հրավիրվել է Պուտին-Տոկաև հեռախոսազրույցից ոչ ավելի, քան մեկ շաբաթ անց: Ղազախստանում ազգամիջյան խնդիրներ, իհարկե, կան, բայց ամենալուրջ մարտահրավեր է մնում հյուսիսային մարզերի շուրջ Ռուսաստանի հետ տարաձայնությունը, որ թեև չի հրապարակայնացվում, բայց երկու երկրների հարաբերություններում մշտապես առկա է:

Իրավիճակի լրջությունն այն է, որ մոտ երեք միլիոն ռուսներ բնակվում են համահավաք և ցանկացած պահի կարող են «ինքնորոշման հարց» հարուցել:

Մանավանդ որ խոսքն այն տարածքների մասին է, որ մինչև անցյալ դարի 50-60-ական թվականները գրեթե անմարդաբնակ էին և բնակեցվել են խոպան հողերի յուրացման խորհրդային ծրագրի շրջանակներում:

Ռուսաստանից հնարավոր սպառնալիքին դիմակայելու քաղաքականության դրսևորում է գնահատվում Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի կողմից վերջերս «Տեղական ինքնապաշտպանության մասին» օրենքի ընդունումը: Ըստ տեղեկությունների, օրենքը նախատեսում է, որ տեղական ինքնապաշտպանության ամենախոշոր կազմավորումը պետք է տեղաբաշխվի Ռուսաստանի հետ սահմանին:

Օրենքը սահմանում է, որ այդ կազմավորումները պետք է ինժեներական, զորքերի թիկունքային ապահովման, տրանսպորտային ուղիների և այլ ենթակառուցվածքների պաշտպանություն իրականացնեն: Տեղական ինքնապաշտպանության զորքերը դրվում են պաշտպանության նախարարության ենթակայության տակ:

Արձագանքելով տեղական և արտերկրի մամուլի հրապարակումներին, Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ օրենքի ընդունումը որևէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ չէ: Ընդգծված է, որ Ռուսաստանը և Ղազախստանը «ռազմավարական գործընկերն են, անդամակցում են ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, Շանհայի համագործակցության կազմակերպությանը»:

Աստանան, իհարկե, այլ հայտարարություն չէր կարող անել, դրանից խնդրի էությունը չի փոխվում, առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը ներկայացվել է Սենատի հաստատմանը: Այդ ընթացակարգը նախատեսված է Ղազախստանի սահմանադրությամբ: Սենատը կհաստատի՞ խորհրդարանի ստորին պալատի ընդունած օրենքը:

Կարելի է ենթադրել, որ քննարկումը կկայանա մայիսի 9-ից հետո, երբ տեղի կունենա Պուտին-Տոկաև հանդիպում, ինչի մասին կողմերը պայմանավորվել են անցյալ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Հասկացվում է, որ Տոկաևը Մոսկվա է մեկնում դիվանագիտական բավարար «պահուստով»:

Տոկաևն ի՞նչ երաշխիքների դիմաց կառկախի «Տեղական ինքնապաշտպանության մասին» օրենքի վավերացումը: Իսկ եթե սկզբունքային համաձայնություն չկայանա, ապա տեղական ինքնապաշտանության ստորաբաժանումներ կստեղծվեն նաև ռուսախոս մարզերու՞մ: