Ապրիլի 26-ին Հայաստանում հերթական անգամ նշում էին Քաղաքացու օրը, որը ներդրվեց 2018-ից հետո: Ըստ այսպես ասած նախնական գաղափարի՝ այդ օրը պետք է արտացոլեր Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության «արժեքային խտացումը», ըստ էության՝ պետության որակական արդիականացումը:
7 տարի անց միարժեք հնարավոր է ասել, որ Քաղաքացու օրն այլ բան չէ, քան պարզապես կառավարող քաղաքական մեծամասնության տեղեկատվա-քարոզչական գործունեության մի առիթ, ոչ ավելի:
Որովհետև պետական արդիականացման, Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների վերափոխման խորքային խնդիրը այդպես էլ մնաց ընդամենը ցանկություն ու ակնկալիք:
Հանրագումարում, հասարակական-քաղաքական կյանքում ու միջավայրում տեղի ունեցավ ընդամենը տեղափոխություն: Այլ կերպ ասած, հասարակական-քաղաքական միջավայրը կազմող նույն ուժերը պարզապես զբաղեցրին նոր տեղեր, բայց նրանց միջև, ինչպես նաև հասարակության հետ նրանց հարաբերությունների որակը, ըստ էության, մնաց նույնը:
Իսկ եթե եղավ փոփոխություն այդ որակի հարցում, ապա գերազանցապես տեղերի փոփոխությունից բխող: Այլ կերպ ասած, օրինակ` ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, եթե մինչև 2018 թվականը բոլոր խնդիրների բուն պատճառ դիտարկում էր իշխող քաղաքական ուժին, ապա իշխող քաղաքական ուժի կարգավիճակում հայտնվելուց հետո սկսեց խոսել հանրության գլխում խնդիրների, անբավարար կրթվածության, անբավարար աշխատասիրության մասին, խոսել այն մասին, որ բանակում, օրինակ, չկա ոչ մի խնդիր, որ չունի հանրային ծագում:
Եվ այդպես շարունակ: Թե որքան ակնառու է ռեֆորմացիայի բացակայությունը քաղաքական համակարգում, ներքաղաքական հարաբերություններում, թերևս նույնիսկ ավելորդ է խոսել, ամեն ինչ ինքնին չափազանց խոսուն է: Այդպիսով, «քաղաքացին է դարձել պետության տերը» արտահայտությունը, որ Քաղաքացու օրվա առիթով անում է Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում, այլ բան չէ, քան պարզապես ականջահաճո հռչակագիր:
Եվ բանն այն չէ, որ քաղաքացին չի դարձել պետության տեր, այլ մի քաղաքական ուժի փոխարեն՝ մեկ ուրիշը, իսկ քաղաքացուն, ըստ էության, բաժին են հասել պարզապես ողբերգական իրադարձությունների հետևանքով կորուստները:
Սա արդեն լիովին այլ խոսակցության նյութ է: Հարցն այն է, որ ընդհանրապես կեղծ է քաղաքացուն պետության տեր դիտարկելու տրամաբանությունն ու հռչակագիրը: Կեղծ է առաջին հերթին այն պատճառով, որ բացարձակապես իրատեսական չէ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով:
Արժեհամակարգային ռեֆորմացիան, պետական ու հասարակական հարաբերությունների վերափոխումն անհրաժեշտ է ոչ թե քաղաքացուն պետության տեր դարձնելու համար, այլ քաղաքացուն պետության կրող դարձնելու համար: Տերն ու կրողը բացարձակապես տարբեր մեխանիկա ենթադրող հասկացություններ են:
Մեկը պահանջում է առավելապես երեսպաշտություն՝ անիրատեսական իրողությունը, որպես իրական մատուցելու համար, մյուսը պահանջում է կառավարչական վարպետություն և կոմպետենտություն, քաղաքացու անվտանգությանը, բարեկեցությանը և արժանապատիվ կենսագործունեությանը անընդհատ ծառայող պետական միջավայր ձևավորելու համար, որի շնորհիվ է քաղաքացին իրեն նույնացնում պետության հետ, դառնում դրա կրողը: Երբ դա չկա, քաղաքացին հռչակվում է պետության տեր:
Բաց մի թողեք
Երևանն ինչու է անարձագանք թողնում Պեկինի առաջարկը
Ռուսաստանին ի՞նչ է սպասում հետկոնֆլիկտային փուլում
Ինչո՞ւ Լուկաշենկոյի քայլերը Հայաստանի իշխանությունների դժգոհությունը չեն հարուցել