Բաքվի Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի աշխատակից Ալի Զեյնալը, որ ToplumTV-ի գործով կալանավորված է և անցնում է որպես մեղադրյալ, ապրիլի 25-ին տեղափոխվել է պատժախուց:
Այդ մասին սոցիալական ցանցերում տեղեկություն են տարածել նրա հարազատները: Այդ օրը հարազատների հետ հեռախոսային կապ նա չի հաստատել:
Հարազատները կասկածում են, որ նա պատժախուց է տեղափոխվել նախօրեին դատարանում ունեցած ելույթի պատճառով: Զեյնալը հանդես է եկել պետական մեղադրող Մալիշովի կողմնակալության մասին հայտարարությամբ և պահանջել, որ նա հեռացվի դատաքննության գործընթացից:
Ինչպես հայտնի է դարձել MeydanTV-ին, հարազատների հետ հեռախոսազրույցի իրավունքից զրկվել է Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի տնօրեն և «Երրորդ հանրապետություն» հասարակական-քաղաքական հարթակի խոսնակ Ակիֆ Գուրբանովը: Նա նույնպես տեղափոխվել է պատժախուց:
Վերջինս ապրիլի 24-ի դատական նիստում միջնորդել է, որպեսզի դատարանը դատակոչի և որպես վկա հարցաքննի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քանի որ դատախազությունը լրագրողների և հանրային-քաղաքական գործիչների դեմ քրեական գործեր է հարուցել Ալիևի կողմից նրանց հասցեին հնչեցրած մեղադրական հայտարարություններից հետո:
Ակիֆ Գուրբանովը դատարանի ուշադրությունն է հրավիրել Իլհամ Ալիևի հայտարարությունների հակաօրինականության վրա: Նրա գնահատմամբ՝ դատարանը ոչ թե գործի քննությունն է իրականցնում, այլ դատախազության շինծու մեղադրանքների հիման վրա փորձում է գտնել «այնպիսի պատժաչափ, որ կբարարի Իլհամ Ալիևին»:
Ադրբեջանցի իրավապաշտպանը նաև խոսել է Եվրոպայի խորհրդի դեմ Ալիևի քարոզչական արշավանքի, ՄԻԵԴ-ի իրավազորությունը չճանաչելու մասին նրա վերջին հայտարարության հակասահմանադրականության մասին:
Գուրբանովը դատարանին հիշեցրել է, որ սահմանադրությամբ միջազգային պայմանագրերը, կոնվենցիաները, որոնց միացել է Ադրբեջանը, երկրի իրավական համակարգի անբաժանելի մասն են, իսկ եթե ազգային օրենսդրությունը դրանց չի համապատասխանում, ապա գերակա են միջազգային պարտավորությունները:
Ադրբեջանում վերջին տարիներին տասնյակ քաղբանտարկյալներ դատարանում իշխանությունների հասցեին սուր հայտարարություններ են արել, բայց Ակիֆ Գուրմանովը, ամենայն հավանականությամբ, առաջինն է, որ Իլհամ Ալիևին դատակոչելու և որպես վկա հարցաքննելու միջնորդություն է ներկայացրել:
Դատարանը, իհարկե, այդ միջնորդությունը նույնիսկ քննության առարկա չի ընդունել, ոչ էլ պետական մեղադրողի փոփոխություն է կատարվել: Ավելին՝ երկու քաղբանտարկյալ հայտնվել է պատժախցում:
Բայց կարևոր է, որ Ալիևին դատակոչելու միջնորդության մասին տեղեկատվությունը սոցիալական հարթակներում տարածվել և քննարկման առարկա է դարձել: Վեց տարվա արգելքից հետո Բաքվի գործադիր իշխանությունն արտոնել է Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության հանրահավաքը, որ նախատեսվում է անցկացնել ապրիլի 27-ին՝ արվարձանային «Մահսուլ» մարզադաշտի տարածքում:
ԱԺՃ-ն պահանջում է ազատ արձակել Թոֆիգ Յաղուբլուին, որ քսան օր է՝ «չոր հացադուլի» մեջ է:
Բաց մի թողեք
Թուրքական անվտանգային բլոկի «դեսանտը» Բաքու է ժամանել
Ալիևը շտապում է առավել «դուր գալ» Էրդողանին
Մոսկվայի լոյալության դիմաց, Ղազախստանը Բաքու-Գրոզնի օդանավի կործանման պատճառ կճանաչի անվտանգության կանոնների խախտումը