20/05/2025

Ալիևը կընդունի՞, որ անկախ Ադրբեջանն Ադր. ԽՍՀ իրավահաջորդն է

Ապրիլի 28-ն Ադրբեջանի խորհրդայնացման օրն է: Այդ առթիվ Բաքվի իշխանական լրատվամիջոցը չափազանց ուշագրավ հրապարակում է արել: «Կեսգիշերին մի զրահագնացք հատեց Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության սահմանը և Բաքվի կայարան հասցրեց Կարմիր բանակի զինվորներին:

Այդպես առանց մեկ կրակոցի վերացավ Ադրբեջանի բանակը, նրա հետ էլ՝ Ադրբեջանի Հանրապետությունը, Ռուսաստանը վերադարձրեց իր ունեցվածքը, իսկ ես ականատես եղա մի ամբողջ աշխարհի կործանման»,- այս տողերն է մեջբերել հեղինակը, որ պատկանում են ԱԴՀ ֆինանսների վերջին նախարար Միրզա Ասադուլլաևի դստեր՝ Ում-Էլ Բանինի գրչին:

«Ականատեսների վկայություններից դատելով՝ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Բաքուն հիշեցնում էր բաց դարպասներ: Քաղաքում իշխանությունը ձեռքից ձեռք էր անցնում՝ կոմունա, Խորհուրդ, Ցենտրակասպիի դիկտատուրա, «Մուսավաթ»… Քաղաքը թուրքերից անցնում էր անգլիացիներին, անգլիացիներից՝ ռուսներին: Եվ հնարավոր չէ խոսել դասական իմաստով իշխանության մասին:

Բայց այդ ամենն ավարտվեց 1920 թվականի ապրիլի 28-ին»,- սա արդեն հրապարակման հեղինակի գնահատականն է, որ նա հիմնավորում է փաստերով և եզրահանգում, որ ԱԴՀ-ն հանձնվել է Մուստաֆա Քեմալի հետ բոլշևիկյան Ռուսաստանի պայմանավորվածությամբ:

Ադրբեջանի գործող սահմանադրության հիմքը «Պետական անկախության մասին» սահմանադրական ակտն է, որտեղ ԱԴՀ-ն համարվում է «միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, որ ճանաչված էր բազմաթիվ երկրների կողմից»:

Սա, իհարկե, ակնհայտ կեղծիք է, ԱԴՀ-ն ճանաչվել է միայն դե ֆակտո, բայց Ադրբեջանի անկախումից ի վեր սա, երևի, առաջին դեպքն է, երբ իշխանական մամուլը բացահայտ հակադրվում է սահմանադրական բնորոշմանը և խոստովանում, որ 1918-20 թվականներին դասական իմաստով Ադրբեջանում ազգային իշխանություն չի եղել: Ըստ այդմ՝ չի եղել նաև անկախ պետություն:

Նույն սահմանադրական ակտում արձանագրված է, որ 1920 թվականի ապրիլի 28-ին բոլշևիկյան Ռուսաստանը դիմել է ռազմական ագրեսիայի, օկուպացրել Ադրբեջանը, տապալել նրա իշխանությունը, իսկ տարածքը՝ ենթարկել անեքսիայի:

Ավելին, ԽՍՀՄ կազմում Ադրբեջանի յոթանսունամյա գոյությունն իրավական առումով ճանաչված է «գաղութացում»: Իսկ ադրբեջանցի հեղինակը փաստում է, որ ԱԴՀ բանակը մտել է բոլշեւիկյան զինված ուժերի կազմի մեջ, ենթարկվել նոր հրամանատարությանը, որպեսզի «միասին շարժվեն դեպի Թուրքիայի սահման»:

Խիստ արտառոց է, որ հոդվածը բացահայտում է Մուստաֆա Քեմալի և բոլշևիկների համագործակցության աշխարհաքաղաքական շարժառիթը. Մոսկվան պետք է ռազմական աջակցություն հասցներ «միջազգային իմպերիալիզմի դեմ ազգային-ազատագրական պատերազմ վարող Թուրքիային»:

Բաքվի մուսավաթական իշխանությունը բոլշեւիկյան բանակի դեմ նույնիսկ մեկ կրակոց չի արձակել, որովհետև այդպես է պահանջել Մուստաֆա Քեմալը: Բաքու մտած թուրքական զորաջոկատի հրամանատարը նույնիսկ արգելել է, որ Ադրբեջանի կառավարության նախարարները հեռանան, նրանց հանձնել է բոլշևիկներին և արժանացել մարտական Կարմիր դրոշի շքանշանի:

Պատմական այդ փաստերը հանրահայտ են, բայց Բաքուն մշտապես հերքել է դրանք: Ի՞նչ ենթատեքստ ունի այս հրապարակայնացումը: Իլհամ Ալիևը Չինաստան այցի ընթացքում տեղական հեռուստաընկերությանը հարցազրույցում ակնարկել է, որ Ադրբեջանը լայն ինտեգրացիայի մաս կազմելու անհրաժեշտություն ունի:

Բայց նա նկատի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության հետ ինտեգրացիան: Նա զգուշավորություն ունի, որ Ռուսաստանը և Թուրքիան, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայփ Էրդողանը կարող են գործել Մուտաֆա Քեմալ-բոլշևիկյան իշխանություն գործարքի տրամաբանությա՞մբ, իշխանական լրատվամիջոցն ինչո՞ւ է թուրք սպաներին մեղադրում ԱԴՀ կառավարության անդամներին բոլշևիկներին հանձնելու մեջ:

Ալիևյան լրատվամիջոցի այս հրապարակումը պսակազերծում է Ադրբեջանի սահմանադրության նախաբանի պատմա-քաղաքական և իրավական զեղծարարությունը: Ինչի՞ է նախապատրաստվում Իլհամ Ալիևը:

Ադրբեջանական մամուլում ակնարկներ են արվում, որ սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում: Ալիևը կընդունի՞, որ անկախ Ադրբեջանն Ադր. ԽՍՀ իրավահաջորդն է: