21/05/2025

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Բադամովը Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է. նա արտաքսվում է

Ռուսական կողմի հրավերով և Աբշերոնի շրջանի գործադիր իշխանության կազմակերպչական աջակցությամբ ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի շրջան՝ մասնակցելու Ադրբեջանի Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հավելելով, որ պատվիրակության կազմում գտնվող Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում և նրան թույլ չեն տվել նստել Աստրախան թռչող ինքնաթիռ։

Բադամովին հայտնել են, որ իրեն արգելել են մուտք գործել երկիր։

Այս քայլի վերաբերյալ որևէ բացատրություն չի տրվել, սակայն ենթադրվում է, որ նրան արգելել են մուտք գործել Ռուսաստան իր գործունեության պատճառով: Ներկա պահին Ազեր Բադամովը գտնվում է ինքնաթիռում և հետ է վերադառնում։

Ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը «սև ցուցակում» ավելացրել է պատգամավոր Ազեր Բադամովին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Միլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Ազեր Բադամովին Մոսկվայի օդանավակայանում կալանավորելու մասին տեղեկությունը։

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն հաստատել է միջադեպը։

«Այո, այս դեպքն իրականում տեղի է ունեցել այսօր։ Հարկ է նշել, որ պատվիրակության այցը Աստրախան քաղաք, որի կազմում էր Միլի Մեջլիսի անդամ Ազեր Բադամովը, կազմակերպվել էր հենց փոխնահանգապետ-Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի կառավարության նախագահ Դենիս Աֆանասևի հրավերով՝ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Չնայած այն հանգամանքին, որ պատվիրակությունը Բաքվից Մոսկվա է մեկնել, ռուսական կողմը առանց որևէ նախազգուշացման կամ ծանուցման Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել է պատգամավոր Ազեր Բադամովին՝ հայտարարելով նրա մուտքը երկիր արգելելու մասին։ Մոսկվայի օդանավակայանում որոշ ժամանակ սպասելուց հետո նրան վերադարձրել են մեր երկիր։

Միջադեպի կապակցությամբ ՌԴ-ում մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել ՌԴ ԱԳՆ-ի հետ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքը կհետաքննվի, սակայն այս որոշման պատճառների մասին բացատրություն չի տվել։

Մենք ռուսական կողմի այս որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ և ակնկալում ենք ռուսական կողմից հասկանալի բացատրություններ այս հարցում»,- ասաց Ա.Հաջիզադեն։