22/05/2025

Այդ աղմուկի մեջ իսկական լրագրության ձայնը դժվար է լսվում

Մայիսի 3-ն է՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, իշխանությունն ու նրա քարոզիչները չզլացան գովերգել իրենց «հմուտ ղեկավարության» շնորհիվ արձանագրված «աննախադեպ ժողովրդավարական ձեռքբերումները»: Իրականում մենք դեռեւս չափազանց հեռու ենք ժողովրդավարությունից:

Մի քանի տասնյակ փաստերից բերեմ երեքը: Գործադիր իշխանության ղեկավարը օրենսդրի ներկայացուցչից պահանջում է վայր դնել մանդատը, վերջինս հրաժարվում է, եւ շատ ժամանակ չանցած «նրա հետեւից» ուղարկում են գլխավոր դատախազին: Արդյունքում՝ մնացած ՔՊ-ական պատգամավորները, բնականաբար, վախենում են որեւէ՝ թեկուզ խորհրդանշական ինքնուրույնություն դրսեւորել:

Ժողովրդավարությունը չի կարող հիմնված լինել վախի վրա: Իշխանական պատգամավորներն անշնորհք, խուժանական ձեւով հարձակվում են լրագրողների վրա, բայց յուրայինները նրանց «չեն հանձնում» եւ, այսպիսով, երաշխավորում են նրանց հետագա խուլիգանությունները: Ժողովրդավարությունը չի կարող հիմնված լինել թայֆայաբազության վրա: Թաղապետն իր մանկլավիկների հետ ծեծկռտուք է սարքում իր ղեկավարած պետական հիմնարկում:

Ի՞նչ պիտի անի նման պաշտոնյայի կուսակցությունը ժողովրդավարության պարագայում: Բնականաբար՝ դատապարտի այդ արարքը եւ կուսակցությունից հեռացնի խուլիգանին:

Փոխարենը ոչ միայն արդարացնում է, այլեւ մի ամբողջ դավադրապաշտական առասպելաբանություն է հյուսում այդ միջադեպի շուրջ՝ ներկայացնելով «քուչի կռիվը» որպես պայքար եվրոպական արժեքների համար: Ի

նչպե՞ս պետք է վարվի նման թաղապետի հետ նրան նշանակած քաղաքապետը: Իհարկե՝ ազատի նրան աշխատանքից: Բայց քաղաքապետը դա չի անում՝ վախենալով «քույր կուսակցության» շանտաժից: Ժողովրդավարությունն անհամատեղելի է բռնության արդարացման հետ:

Նորմալ լրատվամիջոցները բարձրացնում են այդ բոլոր խնդիրները եւ, այո, դրանց գործունեությանը, որպես կանոն, չեն խոչընդոտում: Չնայած երբեմն պատահում է, որ խոչընդոտում են՝ օրինակ, Ազգային ժողովի օթյակից հեռացնում են լրագրողներին, երբ նրանք կարող են լուսաբանել այն, ինչ «պետք չէ» լուսաբանել:

Բայց ԶԼՄ-ների դեմ պայքարի հիմնական զենքն այսօր պարզ բռնությունը կամ ուղիղ արգելքները չեն: Զենքն այն տեղեկատվական աղմուկն է, որոնք ստեղծում են իշխանության կողմից վարձատրվող «ֆեյքերը», «թրոլերը» եւ մնացած քարոզիչները: Այդ աղմուկի մեջ իսկական լրագրության ձայնը դժվար է լսվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ