Իրանն առաջարկում է TRACECA-ի շրջանակներում Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք ստեղծել։
Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խորհրդական Ամին Տարաֆոն։
Տարաֆոն նշել է, որ նախաձեռնությունը հայտարարվել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիքի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ և արժանացել է պաշտոնյաների հավանությանը:
Նրա խոսքով՝ այս տարի Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը կգլխավորի TRACECA IGC-ն։
Բացի այդ՝ Տարաֆոն ընդգծել է, որ Իրանի և Թուրքմենստանի միջև «ճանապարհային քարտեզի» մասին համաձայնագիր կարող է կնքվել, ինչը ենթադրում է տարանցիկ փոխադրումների ծավալի ավելացում մինչև տարեկան 20 մլն տոննա։
«Փաստաթղթի ստորագրումն ակնկալվում է մայիսի 17-19-ին կայանալիք Իրանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում»,- ասել է նա։
Խորհրդականը նաև նշել է, որ 2025 թվականի մարտի 21-ից մինչև 2026 թվականի մարտի 20-ը (ըստ իրանական օրացույցի) նախատեսվում է 3 միլիոն տոննա բեռ տեղափոխել Հյուսիս-Հարավ միջանցքի արևելյան ուղղությամբ, որն անցնում է Իրանի տարածքով։
TRACECA-ն միջազգայնորեն ճանաչված ծրագիր է, որի նպատակն է զարգացնել տնտեսական հարաբերությունները, առևտրային և տրանսպորտային հաղորդակցությունները Սևծովյան ավազանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում՝ շնորհիվ բոլոր մասնակից երկրների քաղաքական կամքի և ընդհանուր ձգտումների վրա հիմնված ակտիվ գործողությունների։
Այսօր TRACECA միջազգային տրանսպորտային միջանցքը ներառում է 14 երկրների տրանսպորտային համակարգը, որոնք մասնակցում են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման համար միջազգային տրանսպորտի հիմնական բազմակողմ համաձայնագրին (BMA TRACECA):
Բաց մի թողեք
Թուրքիա՞ն է հրաժարվել ադրբեջանական նավթը Ջեյհանից իսրայելական նավահանգիստներ հասցնել
Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ մայիսի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Թվային շրջադարձ. Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային կրիպտոարժույթների շուկայի աճի պայմաններում