14/05/2025

Կիևյան Ռուսիայի պատմության մոսկովյան կեղծիքի ճանաչման հետևանքները

Մոսկվայի և Համայն Ռուսի պատրիարք Կիրլը ժամանել է Բաքու: Դա չափազանց ինտրիգային այց է: Մի քանի օրից, ավելի ճիշտ՝ մայիսի 9-ին, Ադրբեջանի նախագահը կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին, որի ներկայացուցչությունն ապահովելու համար Կրեմլը բարդ խնդիրներ է բախվում:

Հանդիսություններին չի մասնակցի Հնդկաստանի վարչապետը, Սերբիայի նախագահը «հոսպիտալացվել է», ըստ տեղեկությունների՝ «առողջության հետ կապված խնդիրներ ունի» Սլովակիայի վարչապետ Ֆիցոն:

Ըստ երևույթին՝ ՌՈՒԵ պատրիարքը Բաքու է գործուղվել բավական «դելիկատ առաքելությամբ»: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հանդիպել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, որի ավարտին նա Սուրբ Օլգա իշխանուհու առաջին աստիճանի եկեղեցական շքանշանով պարգևատրել է Մեհրիբան Ալիևային՝ «հասարակության ավանդական արժեքների պահպանման գործուն ունեցած ներդրման համար»:

Ռուս ուղղափառ եկեղեցու այդ շքանշանը խորհրդանշում է Կիևյան Ռուսիայի իշխանուհի Օլգայի սրբագործությունը, որ նա ցուցաբերել է իբրև պետության կառավարիչ: Ավանդույթի համաձայն Օլգան իր ամուսնու՝ Իգոր Ռյուրիկովիչի զոհվելուց հետո ստանձնել է Կիևյան Ռուսիայի կառավարումը՝ մինչև որդու՝ Սվյատոսլավի չափահաս տարիքին հասնելը:

Թվում է, ՌՈՒԵ հոգևոր առաջնորդն Մեհրիբան Ալիևային Սուրբ Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու որոշումը կայացրել է քաղաքական նկատառումներով: Ընդունել այդ շքանշանը, իսկ պարգևատրման մասին, անկասկած, Ադրբեջանում իշխող զույգը նախապես է տեղեկացվել, նշանակում է ընդունել Կիևյան Ռուսիայի քաղաքական և քաղաքակրթական ինքնության այն վարկածը, որ պնդում է Ռուսաստանի իշխանությունը, Ռուս ուղղափառ եկեղեցին:

Ամուսնական զույգի և Կիրիլ պատրիարքի հանդիպման այլ մանրամասնություններ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը չի հրապարակել, բայց դա չի նշանակում, որ թե քննարկումներ չեն ծավալվել: Պատրիարք Կիրիլը Բաքու է այցելել Հռոմի պապի ընտրության նախաշեմին: Վատիկանը վերջերս Ադրբեջանի տարածքում քրիստոնեական ժառանգությանը նվիրված գիտաժողով է կազմակերպել:

Դա սոսկ պատմագիտական միջոցառում չէ: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Իլհամ Ալիևի կարգադրությամբ ստեղծվել է կրոնական կառույց, որին տրվել է «ուդի-աղվանական ուղղափառ եկեղեցի» անվանումը: Այդ կառույցը, սակայն, քրիստոնեական ոչ մի եկեղեցի չի ճանաչել:

Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանն «ուդի-աղվանական ուղղափառ եկեղեցու» ճանաչման հարցով բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղեմիոսի հետ, բայց ապարդյուն:

Հռոմի պապի մահը, երևում է, հետաձգել է նույն հարցով քննարկումները: Մանավանդ նոր պապի հետ կապեր հաստատելը ոչ միայն ժամանակ, այլև դիվանագիտական մեծ ջանքեր և այլ ռեսուրսներ կպահանջի:

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի կողմից «ուդի –աղվանական ուղղափառ եկեղեցու» ճանաչումը Իլհամ Ալիևին շատ շքեղ նվեր կլինի: Բայց այդ դեպքում նա ստիպված կլինի աշխարհաքաղաքական վերջնական որոշում կայացնել և միանալ «Մեծ Եվրասիային»:

Կիևյան Ռուսիայի պատմության մոսկովյան կեղծիքի ճանաչման դիմաց Կիրիլ պատրիարքը կգնա՞ սրբապղծության, կօրինականացնի՞ Ալիևի ստեղծած «ուդի-աղվանական ուղղափառ եկեղեցին»: