21/05/2025

Ո՞վ կլինի հաջորդ Հռոմի պապը

Ամենաբնական հետաքրքրությունը, որ առաջացավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահից անմիջապես հետո, նրա հավանական հետնորդի հարցն է՝ ո՞վ է փոխարինելու Հռոմի պապին:

Այստեղ էականը ոչ թե անձն է, այլ նոր Պապի աշխարհայացքը, սոցալական եւ բարոյական հարցերում նրա դիրքորոշումը: Աշխարհում կաթոլիկների թիվը 1 միլիարդ 300 հազար է, որոնց շրջանում այժմ թեժ քննարկումեր են գնում հոգեւոր-հասարակական կյանքի տարբեր ոլորտների շուրջ:

Այն բանից, թե ինչպիսի արժեհամակարգային եւ աշխարհայացքային որակների կրող է լինելու նորընտիր Պապը՝ կարելի է գրեթե անսխալ դատել համաշխարհային քաղաքականության միտումների ու մարտահրավերների մասին:

Առհասարակ՝ Հռոմի պապերի եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացների միջեւ միշտ գոյություն ուներ որոշակի կապ, բայց միշտ չէ, որ հոգեւոր առաջնորդների ու բարձրագույն ղեկավարության հարաբերությունները հարթ են եղել: Վերջին ժամանակներս նույնպես Ֆրանցիսկոս պապի եւ ԱՄՆ նոր վարչակարգի «ջրերը մեկ առվով չէին հոսում», վեճեր, տարակարծություններ կային, մասնավորապես, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ Պապի միջեւ:

Վերջինս դատապարտում էր Գազայում կատարվող դեպքերը՝ համարելով, որ այն ցեղասպանություն է: Հռոմի պապը, ընդհանուր առմամբ, դժգոհ էր Թրամփի վարած քաղաքականությունից, որում, ըստ նրա, անտեսված է մարդու հանդեպ կարեկցական վերաբերմունքը:

Ջեյ Դի Վենսը, սակայն, հակառակ ընկալումն ուներ. նրա կարծիքով՝ ներգաղթյալները խնդիրներ են ստեղծում Միացյալ նահանգների քաղաքացիների համար, քանի որ եկվորների մեջ մեծ են թմրանյութերի վաճառքով զբաղվողները, հանցագործներն ու հակոտնյա այլ տարրերը: «Մեր քաղաքացիների նկատմամբ մարդասիրությունից ելնելով՝ պետք է վտարանդիներին արտաքսել երկրից»,- համոզմունք էր հայտնում Վենսը:

Նա, ի դեպ, տարիներ առաջ բողոքական եկեղեցու հետեւորդ էր, այժմ դավանափոխվել, դարձել է կաթոլիկ եկեղեցու ծառա եւ փորձում է նորովի ձեւավորել Միացյալ նահանգների մոտ 50 միլիոնանոց կաթոլիկ համայնքը:

Հատկանշական է, որ Ֆրանցիսկոս պապը մահվանից մեկ օր առաջ հանդիպում էր ունեցել փոխնախագահի հետ: Իրականում Հռոմի պապն արդեն մահամերձ վիճակում էր, եւ հանդիպումն, ըստ էության, խորհդանշական էր, բայց բովանդակային հանդիպում այդ օրերին կայացել էր Ջեյ Դի Վենսի ու Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի միջեւ, որը բոլոր հարցերում՝ մասնավորապես քրիստոնյաների ու մահմեդականների համերաշխության ուղղությամբ, պաշտպանում է լուսահոգի Պապի դիրքորոշումը:

Այնինչ ԱՄՆ-ի գործող վարչակազմը՝ հենվելով սիոնիստ քրիստոնյաների, ավետարանականների վրա, ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարում: Թրամփն ուղղակիորեն ասում է, որ պետք է կրոնական հանգամանքով պայմանավորված՝ Պաղեստինից մահմեդականներին վտարել, որովհետեւ «Աստված այդ երկիրը հրեաներին է նվիրել՝ այդտեղ Երրորդ տաճարը կառուցելու համար»:

Հիմա, կարծես թե, սահուն մոտեցանք այն հարցին, որով սկսել էինք՝ ո՞վ է լինելու Հռոմի հաջորդ պապը: Արդյո՞ք փորձելու է, օրինակ, քրիստոնյաների ու մահմեդականների միջեւ վարվող քաղաքականության առումով հակադրվել Միացյալ նահանգների վարչակազմին, թե՞, այնուամենայնիվ, լինելու է պահպանողական:

Այս հարցերը մեզ համար չափազանց կարեւոր են, որովհետեւ այսօր Հայաստանը գտնվում է մի «եռացող» տարածաշրջանում, որտեղ կրոնական պատերազմի հավանականությունը բավական իրատեսական է եւ, հետեւաբար, եկեղեցու՝ դրանով թելադրված ճիշտ քաղաքականությունը՝ կենսական հրամայական: Չմոռանանք, որ մենք համայնքներ ունենք նաեւ Իրանում, Մերձավոր Արեւելքի երկրներում եւ այլուր:

Իսկ հայաստանյան իշխանությունների կողմից որքանո՞վ են գիտակցվում՝ ա/ եկեղեցու աճած դերը, բ/ ՀՀ կառավարություն-Հայ Առաքելական եկեղեցի բաժանարար գծերի վտանգը, գ/ հայաստանցի-արցախցի, հայաստանցի-սփյուռքահայ ազգավերիչ խոսույթը, դ/ ազգային ինքնության խորացող ճգնաժամը… Պատասխանը, ցավոք, հիասթափեցնող է: