Այս տարվա հունվարից մայրաքաղաքում փոփոխվել են աղբահանության վճարի դրույքաչափերը, ավելի ստույգ՝ անձի հաշվարկից անցում է կատարվել քառակուսի մետրով հաշվարկի:
«Փաստ» օրաթերթը գրում է. Սակայն անցած չորս ամսվա ընթացքում քաղաքացիները չեն կարողանում վճարումներ կատարել վճարահաշվարկային տերմինալներով կամ բանկերի հավելվածներով, որովհետև հաշվարկները դեռ չկան, իսկ Հայփոստում էլ վճարում կատարելու պարագայում պետք է մոտարկված գումար վճարեն:
Մեզ հաճախ են դիմում քաղաքացիներ՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ հնարավորություն կունենան վճարումներ կատարելու, երկրորդ՝ նախորդ ամիսների՝ ոչ իրենց մեղքով չվճարված գումարները պետք է վճարեն միանգամի՞ց, թե՞ կարող են կուտակված պարտքը մարել մաս-մաս:
Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցնում է, որ աղբահանության նոր դրույքաչափը վերաբերում է միայն բնակելի նշանակության շինություններին, այսինքն՝ բնակարաններին, անհատական բնակելի տներին: «Հասարակական, արտադրական օբյեկտների մասով գործում են նախկին դրույքաչափերը: Բնակելի շինությունների պարագայում դրույքաչափը սահմանվել է 13 դրամ մեկ քառակուսի մետրի համար»,-ասում է Հակոբյանը:
Նշում է՝ այս ընթացքում օնլայն վճարային համակարգերի միջոցով հնարավոր չէր վճարում կատարել, բայց բազմաթիվ մարդիկ, կատարելով սեփական հաշվարկները, վճարումներ են կատարել: «Ուրբաթ օրվանից սկսած հնարավոր կլինի վճարում կատարել «Հայփոստի» բոլոր մասնաճյուղերում (հաշվի առնելով, որ ուրբաթը ոչ աշխատանքային է, ենթադրելի է, որ երկուշաբթի օրվանից-խմբ.): Կարող են նաև մոտենալ, վարչական շրջաններից տեղեկանք վերցնել, թե որքան է իրենց պարտավորության չափը և կատարել վճարումը: Հանդիպում ենք ունեցել Բանկերի միությունում, որպեսզի բանկերը հնարավորինս շուտ ինտեգրվեն այս համակարգին: Խոստացել են՝ 1-2 ամսվա մեջ կինտեգրվեն համակարգին, և բանկային հավելվածներով ևս մեր քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց վճարումները կատարել»,-հավելում է նա:
Պետության առջև կուտակված չորսամսյա, ըստ էության՝ ավելի շատ ամիսների պարտավորությունները մարելու ժամկետների և հնարավոր տույժերի մասով Հակոբյանն արձագանքում է. «Նախ՝ արտոնություն ենք սահմանել և մինչև մայիսի 1-ը տույժեր չեն գործի: Այս պահին նախագիծ ենք շրջանառում, որպեսզի տույժերի արտոնությունների մասով մի փոքր ավելի երկար ժամանակահատված տրամադրենք քաղաքացիներին վճարումներ կատարելու համար: Քաղաքացիները կարող են այս ամիս, օրինակ՝ եռամսյակային վճարում կատարել, նրանց ապրիլ ամսվա վճարի դեպքում այս պահին տույժ չի գործում: Հաջորդ վճարումն էլ կատարել, օրինակ՝ հուլիսի 1-ին: Այնուամենայնիվ, ավելի շատ ժամանակահատված կտրամադրենք քաղաքացիներին: Գուցե լինեն մարդիկ, որոնց հարմար է վճարել բացառապես օնլայն համակարգով և այսպես շարունակ: Ամեն դեպքում քաղաքացիներին 2-3 ամսվա միջանկյալ ժամկետ կտրվի նախորդ ամիսների վճարումները կատարելու և հունի մեջ ընկնելու համար»,-եզրափակում է Դավիթ Հակոբյանը:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան