Իսրայելի վարչապետ Նաթանյահուի՝ Ադրբեջան այցի չեղարկման մասին պաշտոնական հաղորդագրության տեքստում աչքի է զարնում որոշման հիմնավորումը, որ դա կապված է Գազայում և Սիրիայում իրավիճակի, հնարավոր զարգացումների և նրա աշխատանքային խիտ ժամանակացույցի հետ:
Ժամեր անց իսրայելական մամուլը հայտնել է, որ տեղի է ունեցել ռազմական կաբինետի նիստ, կայացվել է տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչման ենթարկելու որոշում:
Ըստ տեղեկությունների՝ պահեստազորայինները պետք է փոխարինեն Հորդանանի արևմտյան ափում տեղաբաշխված բանակային ստորաբաժանումներին, իսկ վերջիններս՝ տեղափոխվեն Գազա և Իսրայելի հյուսիսային սահման:
Իսրայելի հյուսիսը Սիրիայի հարավն է, որտեղ ջիհադական զինված խմբավորումները հարձակումներ են գործում դրուզների բնակավայրերի վրա: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ստանձնում է դրուզների անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Փաստացի Իսրայելը և Թուրքիան Սիրիայում ռազմական բախումներից «մեկ քայլ հեռավորության վրա են»:
Մայիսի 4-ին Դամասկոս է մեկնել Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովի գլխավորած պատվիրակությունը: «ԱզերԹաջ» պետական գործակալության հաղորդմամբ՝ Շարիֆովին ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան:
Նա հիշել է Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, երախտագիտություն հայտնել մարդասիրական օգնության համար: Շարիֆովն ասել է, որ Դամասկոս է այցելել Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ պարզելու, թե Սիրիայի տնտեսության, կրթության և մշակույթի, ինչպես նաև այլ ոլորտներում ի՞նչ ծրագրեր կարող է իրականացնել Ադրբեջանը:
Պաշտոնական հաղորդագրության ամենաէականը, սակայն, այն է, որ Շարիֆովը Սիրիայի նախագահին է փոխանցել Իլհամ Ալիևի գրավոր ուղերձը, որը նրան Ադրբեջան պաշտոնական այցի հրավեր է: Ալ-Շարաային Ալիևը գրավոր ուղերձը, անշուշտ, ունի նաև հրապարակման ոչ ենթակա դրույթներ, բայց փաստը, որ Իսրայելի վարչապետի կողմից Բաքու այցը չեղարկելու որոշման հաջորդ օրն ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Դամասկոս, չափազանց խոսուն է:
Դա, ինչպես ասում են, «կրիզիս-այց» է և փաստացի խորհրդանշում է Դամասկոս-Բաքու քաղաքական համերաշխություն այն դեպքում, երբ Իսրայելն, ըստ էության, չի ճանաչում ալ-Շարաայի իշխանությունը և երկու օր առաջ հրթիռակոծել է նրա նստավայրի հարակից շինությունները և բացահայտ հայտարարել, որ դա «խիստ նախազգուշացում է»: Սիրիան, ինչպես SANA պետական գործակալությունն է տեղեկացրել, մերժել է «Աբրահամի ուխտին» միանալու մասին ԱՄՆ-ից ստացած առաջարկությունը:
Անթալիայի դիվանագիտական ֆորումին Իլհամ Ալիևը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հրավերով»: Ընդ որում՝ Ադրբեջանի իշխող ամուսնական զույգն Անթալիայում մեկ օր սպասել է՝ մինչև Էրդողանը կմեկներ այնտեղ, որպեսզի կազմակերպի ալ-Շարաա-Ալիև հանդիպումը: Պետք է ենթադրել, որ այդ ընթացքում Իսրայելի վարչապետ Նաթանյահուի Բաքու այցի հարց չի քննարկվել:
Այդ է վկայում իրողությունը, որ Թուրքիան Նաթանյահուի առջև փակել է Բաքու թռիչքի միջանցքը: Ադրբեջանի փոխվարչապետի Դամասկոս ուղևորությունը, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել է Էրդողանի միջամտությամբ:
Թուրքիայի նախագահին խիստ անհրաժեշտ է ալ-Շարաային միջազգայնորեն լեգիտիմացնել, հաղթահարել իշխող տպավորությունը, որ նա, ինչպես նաև նրա ենթակա զինված կազմավորումները որևէ ինքնուրույնություն չունեն, ընդամենը թուրքական կրեատուրա են: Ընդ որում, այս նարատիվն առաջին հերթին Իսրայելն է գեներացնում:
Այս պատկերից, ինչ խոսք, ուղղակիորեն չի հետևում, թե Դամասկոս-Բաքու հարաբերությունները միանշանակորեն հակասում են Իսրայելի շահերին, բայց, կարծես, ակնհայտ է, որ Էրդողանին Բաքու-Երուսաղեմ տարածաշրջանային նշանակության դաշինքը ոչ մի առումով ձեռնտու չէ, քանի որ այդ դեպքում Իլհամ Ալիևը կստանա «բարձրագույն լիգայի խաղացողի որակավորում»: Իսկ դա ծանր հարված կլինի Էրդողանի և Թուրքիայի միջազգային հեղինակությանը:
Էրդողանը, ասյպիսով, փաստացի որակազրկել է Ալիևին և նրան ուղղորդել դեպի «հասանելիք ախոռը»՝ մասնակցություն Սիրիայի տնտեսության վերականգնմանը, աջակցություն ալ-Շարաայի իշխանության ամրապնդմանը, գուցե նաև՝ Սիրիայի զինված ուժերի վերակազմավորմանը: Սիրիայում ազդեցության գոտիների վերաբաշխման խնդիրը նա, ամենայն հավանականությամբ, կքննարկի ԱՄՆ- ի և Պարսից ծոցի արաբական միապետությունների, գուցե նաև Ռուսաստանի և Իրանի հետ:
Բաց մի թողեք
Ո՞ր «խոհանոցում է եփվում արյունալի ճաշը, արդեն պատկան մարմինների խնդիրն է
Դարձյալ Մինսկի խմբի լուծարման մասին
Ո՞վ կլինի հաջորդ Հռոմի պապը