Տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը: Ըստ երկու կողմից տարածված տեղեկությունների՝ հեռախոսազրույցն անցել է դրական մթնոլորտում: Թրամփն այդ կապակցությամբ հայտնել է, թե նախագահության նախորդ ժամկետին լավ հարաբերություն է ունեցել Էրդողանի հետ:
Թրամփը նշել է, թե ակնկալում է Թուրքիայի աջակցությունը ռուս-ուկրաինական պատերազմը «հենց հիմա» վերջ տալու համար: Սա ուշագրավ հայտարարություն է, որը, համենայն դեպս բերում է երկու հնարավոր մտքի:
Երբ մեկնարկեց ռուս-ամերիկյան երկխոսությունը, Թուրքիայի վարքագծում նկատելի էր որոշակի շփոթմունք, քանի որ ամերիկա-ռուսական դիմակայության վրա ավանդաբար իր նշանակությունը կառուցող և երկակի խաղ խաղացող Էրդողանը հայտնվեց մի իրավիճակում, երբ նվազում էր իր պահանջարկը թե՛ Վաշինգտոնում, թե՛ Մոսկվայում:
Սակայն որքան ձգվում է ուկրաինական պատերազմը դադարեցնելու պրոցեսը, և միաժամանակ այդ պրոցեսում էական դեր է խաղում Եվրոպան՝ իր դիմադրությամբ, այդքան «վերականգնվում» է Էրդողանի կորսվող կամ նվազած դերը:
Տվյալ պարագայում, սակայն, էականն այն է, թե նրան ինչ է առաջարկում Թրամփը: Թրամփն առաջարկում է իր հետ խաղալ և ճնշում բանեցնել Ռուսաստանի նկատմամբ, թե՞ խաղալ իր և Պուտինի հետ՝ ընդդեմ Եվրոպայի՝ այդպիսով ստիպելով Եվրոպային դադարեցնել Զելենսկու միջոցով դիմադրությունը:
Իսկ գուցե նաև Էրդողանին հորդորում են անմիջականորեն ազդել Զելենսկու վրա: Չմոռանանք, որ, երբ Ռիյադում մեկնարկում էր ռուս-ամերիկյան բանակցությունը և Լավրովի ու Ռուբիոյի գլխավորած պատվիրակությունները անցկացնում էին առաջին հանդիպումը, Զելենսկին հյուրընկալվել էր Էրդողանի մոտ և պատսպարվել նրա հովանոցի ներքո:
Ի դեպ, հենց այդ լուսանկարն էր հրապարակել նաև Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատունը, երբ Թրամփն ու Վենսը Զելենսկուն նվաստացնում էին Սպիտակ տանը: Թրամփն Էրդողանին հորդորել է «փակե՞լ» Զելենսկու վրա պարզած հովանոցը:
Բաց մի թողեք
Կիևյան Ռուսիայի պատմության մոսկովյան կեղծիքի ճանաչման հետևանքները
Weimar+ դաշինքի Պաշտպանության նախարարները կողմ են Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղությանը
Սպիտակ տունն ու Թրամփն անձամբ գոհ չեն Պուտինի որոշումից