07/05/2025

Ի՞նչ կլինի ՀՀ հետ, եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը չհանգուցալուծվի

«Չկա մեկը կամ մի ինստիտուտ, որը կկարողանա ասել, թե ինչ ուղղությամբ կձևավորվեն զարգացումները: Աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական զարգացումներն առավել անկանխատեսելի են, որովհետև մի պահի լսում ենք ՝ հակամարտությունը շատ մոտ է հանգուցալուծմանը, մենք շատ արագ դրա լուծումները գիտենք, բանալին այստեղ է: Հենց հիմա նստելու ենք սեղանի շուրջ…դրանից հետո տեսնում ենք, որ x պահից այն մարդը, որ դա ասել էր, ասում է՝ ուկրաինական խնդիրը կարճ լուծում չունի: Անհասանելի է, բարդ է, հնարավոր չէ: Մեր սցենարներում նայում ենք երկու կամ երեք հնարավոր ելք»,- այսօր Կենտրոնական բանկում (ԿԲ) ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ռուս-ուկրաինական հակամարտության չհանգուցալուծումը կամ հանգուցալուծումն ինչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա:

Ըստ Գալստյանի՝ իրենց դիտարկած սցենարներից մեկը ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծումն է դրական առումով, երբ կողմերը համաձայնության են գալիս, սանկցիաներն են վերանում, բացվում է առևտուրը, որոշակի հարաբերություններ են սկսում նորմալանալ և ինչ է լինում այն ֆինանսական հոսքերի հետ, որոնք Հայաստանով են եկել և Հայաստանում են: Երկրորդ սցենարը, ըստ Գալստյանի, առաջինի ճիշտ հակառակն է. «Երբ ԱՄՆ-ընդհակառակը չի կարողանում երկու կողմերին բերել բանակցությունների շուրջ ու Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները սկսվում են ավելի խստանալ: Դրա մասին տարբեր հանդիպումների ժամանակ մեզ ակնարկել են, որ շատ հավանական սցենար է: Ու այդ սցենարի ներքո էլ մտածում ենք՝ ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այդ տիպի սցենարներ լինեն: Այսինքն՝ ինչքան խիստ կլինեն սանկցիաները: Սանկցիաների նոր փաթեթը կվերաբերի՞ արդյոք ՌԴ-ից ՀՀ եկող էներգակիրներին, արդյո՞ք մենք կարող ենք հրաժարվել էներգակիրներից, թե՞ Հայաստանին թույլ կտրվի օգտվել, որովհետև մեզ համար դա կենսական է»: