20/05/2025

Արդյո՞ք Պուտինը Նաթանյահուի հետ զրույցում շոշափել է Ադրբեջանը

ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ոչ միայն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, այլ նաև Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հետ: Դժվար է պատկերացնել, որ հեռախոսազրույցների ժամանակագրությունը պլանավորվել է «ինչպես պատահի», այլ ոչ թե հենց այն մտայնությամբ, որ դրանք տեղի ունենան միևնույն օրը: Դա արվել է պարիտետ պահելու՞ համար, թե՞ կոնկրետ հարցեր քննարկելու:

Թերևս երկրորդը, որովհետև Ռուսաստանն առանձնապես չունի Իրանի և Իսրայելի միջև պարիտետի խնդիր, առավել ևս այն պարագայում, երբ հունվարի 17-ին ստորագրվել է ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագիրը Իրանի հետ: Հետևաբար, քննարկվել են, թերևս, կոնկրետ խնդիրներ, որոնք կապված են, ըստ ամենայնի, Իրանի միջուկային ծրագրի, և այդ համատեքստում թերևս մերձավորարևելյան անվտանգության համակարգի հեռանկարների հետ:

Հատկանշական է, որ Փեզեշքիանի հետ զրույցում ՌԴ նախագահը հայտնել է Իրանի ու ԱՄՆ երկխոսությանը աջակցելու պատրաստակամությունը, «արդարացի» համաձայնության հասնելու համար: Իսկ Նաթանյահուի հետ Պուտինը խոսե՞լ է այդ մասին: Պարզ չէ, որովհետև հաղորդագրությունը գործնականում կենտրոնացած է Հաղթանակի օրվա վրա: Իհարկե, այստեղ էլ կա շատ ուշագրավ երանգ:

Հաղորդվում է, որ Պուտինն ու Նաթանյահուին հաստատել են Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ ճշմարտությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, նաև նացիզմի ջախջախման հարցում «Կարմիր բանակի և ամբողջ սովետական ժողովրդի որոշիչ ներդրումը»: Ի՞նչ է դա նշանակում:

Պուտինը Նաթանյահուի առաջ դնում է երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքի «խորհրդային բաժինը» ճանաչելու պահանջ կամ պայմա՞ն: Սա ուշագրավ կարող է լինել նրանով, որ այդ համատեքստում Մոսկվան կարող է դիտարկել նաև Ադրբեջանը:

Հետևաբար, արդյո՞ք ՌԴ նախագահը Նաթանյահուի հետ զրույցում շոշափել է Ադրբեջանը, առավել ևս իրանյան թեմայի համատեքստում, որը, թերևս, ոչ մի կերպ չէր կարող շրջանցվել նրա և Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցում:

Սա առավել ուշագրավ է դառնում այն պարագայում, երբ մայիսի 7-11-ը սպասվում էր Բենիամին Նաթանյահուի այց Ադրբեջան, սակայն այն հետաձգվեց այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց օդային տարածք չտրամադրելու մասին: Եթե Ռուսաստանն ու Իրանն ամրապնդում են ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիրը, ապա տրամաբանություն կա այն հարցում, որ Իսրայելի առաջ դրվելու է Ադրբեջանում ներկայությունը սահմանափակելու խնդիր:

Հակառակ պարագայում բարդ է պատկերացնել ռուս-իրանական կայուն ռազմավարական գործընկերություն, որի միջև կլինի իսրայելական սեպն Ադրբեջանում:

Բայց Ռուսաստանն ի վիճակի՞ է այդպիսի պայման թելադրել Իսրայելին: Թեև եթե Եմենի հութիները ի վիճակի են շրջանցել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգն ու բալիստիկ հրթիռ հասցնել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան, ապա պետք չէ բացառել, որ Մոսկվան կարող է Թել Ավիվի առաջ դնել այդպիսի պայման, իհարկե հնարավոր է դիմացն առաջարկելով «փոխհատուցում»:

Պետք չէ բացառել, որ այն լինի Սիրիայի տեսքով: Առավել ևս, որ այդպիսով կխփվի երկու նապաստակ: Մյուսը կլինի Թուրքիան, որը Սիրիայում բախվել է իսրայելական ագրեսիայի՝ գրեթե անլուծելի թվացող հարցի հետ: