22/05/2025

Գերմանիայի խորհրդարանի կուլիսներում շոկ էր

Գերմանական Deutsche Welle պարբերականն այսօր գրեց. «Ֆրիդրիխ Մերցը անսպասելի և աննախադեպ հարված ստացավ քվեարկության առաջին փուլում»:  Ինչու աննախադեպ, որովհետև այս քվեարկությամբ Մերցը պետք է դառնար Գերմանիայի կանցլեր եւ դա կանխորոշված էր թվում: 

Գերմանիայի պառլամենտական ընտրություններում հաղթած պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը չի կարողացել ստանալ Բունդեսթագի պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ առաջին փուլում Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար: Բունդեսթագի 630 պատգամավորներից Մերցին իրենց քվեն տվել էին միայն 310-ը, այնինչ ընտրվելու համար նա առնվազն պետք է ստանար 316 ձայն: Սա հետպատերազմական Գերմանիայում առաջին դեպքն է՝ կարող ենք նույնիսկ պատմական անվանել այս քաղաքական իրադարձությունը, քանի որ պառլամենտում մեծամասնություն կազմող ուժը սեփական թեկնածուին չի ընտրում:

Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն էլ առիթից օգտվելով պահանջել է Մերցի հրաժարականը և կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել։ Երկրորդ փուլի ընտրությունների մասին հակասական տեղեկություններ են շրջանառվում: DW-ի Բեռլինի բյուրոյի ղեկավար Ռոզալիա Ռոմանիեցը իրավիճակը ներկայացրել է այսպես՝ ընտրությունների արդյունքներից կուլիսների հետևում շոկի մեջ են: Գերմանական լրատվամիջոցներն արդեն գրում են, որ Մերցը չի կարող թույլ տալ երկրորդ պարտությունը, և սա որակում են որպես պատմական իրադարձություն: Իսկ շատերն արդեն ստեղծված իրավիճակը բնութագրելու համար օգտագործում են ճգնաժամ տերմինը: Իսկ ՔԴՄ/ՔՍՄ-ն ուզում է հնարավորինս շուտ ավարտին հասցնել երկրորդ փուլը, որովհետև վստահ են, որ կկարողանան իրեն նպատակին հասնել:

Deutsche Welle-ն գրում է, որ Բունդեսթագի պատգամավորները միմյանց հետ զրույցներում բավականին անհանգստացած են իրավիճակով, սակայն արտաքուստ փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է և դա բացատրում են ժողովրդավարական դրսևորումներով: Իսկ Մերցին իրենց ձայները չտվածների մասով ասում են՝ «պարզապես մարդիկ, ովքեր գուցե ունեն սեփական պատճառները»։ Բնականաբար մրցակից կուսակցություններն այս ամենին բավականությամբ են հետևում, և «Կանաչների» կուսակցությունն էլ չի ուզում օգնել Մերցին՝ բավարար ձայները հավաքելու հարցում: Ավելին, բոլորն էլ համակարծիք են, որ Գերմանիային ահնհրաժեշտ է կայուն կառավարություն, որը չպետք է դժվարությամբ ձայներ հավաքի, այլապես իրավիճակը կայուն չի կարող լինել: Իսկ Գերմանիայի ձախ կուսակցության համանախագահ Յան վան Ակենը կարծում է, որ լավ կլինի, որ Գերմանիայի կառավարությունը ղեկավարի մեկ այլ անձ, իսկ Մերցին որակում է որպես «պառակտիչ անձնավորություն»:

Պահպանողական CDU/CSU դաշինքը կրկին Մերցին կառաջադրի որպես կանցլերի թեկնածու` երկրորդ փորձն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա եկող երեքշաբթի երեկոյան, հաղորդում է CNN-ը: Ստեղծված իրավիճակը գերմանացի օրենսդիրների համար խնդրահարույց է, որովհետև այն որոշակի անկայունություն է ստեղծել երկրում: Գերմանացիներն ակնկալում էին, որ այսօրվա ընտրությունների արդյունքում Գերմանիան նոր կանցլեր կունենա, սակայն ընտրությունները ցույց տվեցին, որ Մերցից դժգոհություն կա հենց կոալիցիայի ներսում: Կոալիցիա կազմած երկու կուսակցություններն էլ ունեն 328 տեղ, ինչը ենթադրում է, որ 18 օրենսդիր իր ձայնը Մերցին չի տվել։ Մերցը հույս ուներ երկրում որոշակի կայունություն մտցնել՝ առաջիկա օրերին Փարիզ և Վարշավա այցելելով: Այժմ նա ստիպված է լինելու աջակցություն փնտրել սպասվող նոր խորհրդարանական քվեարկության ժամանակ։ Գերմանացի օրենսդիրները գաղտնի են քվեարկում, այնպես որ գրեթե անհնար է պարզել, թե կուսակիցներից ով չի աջակցել Մերցին, սակայն մի բան հստակ է, որ այս ձախողումն արդեն ցույց է տալիս, որ նույնիսկ երկրորդ փուլում անցնելով` Մերցը չի կարող հույս դնել կոալիցիոն երկու կուսակցությունների վրա:
Հիշեցնենք, որ Մերցն առաջարկում էր օրենսդրական փոփոխությունների միջոցով հնարավորություն տալ Գերմանիային մեծացնել արտաքին պարտքն ու ավելացնել Գերմանիայի պաշտպանական ծախսերը: Նա մտադիր է նոր թափ հաղորդել 2022 թվականի Գերմանիայի անվտանգության քաղաքականության փոփոխությանը, որը կոչվում է «Zeitenwende»` «շրջադարձային կետ»: Այն նախաձեռնել էր հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը: