13/05/2025

Գյումրիում ՔՊ-ն մանդատ գողանալու առաջին փորձը ձեռնարկեց

Նիկոլ Փաշինյանի վարչակարգը՝ իր ձեռագրին հավատարիմ, հիմա էլ փորձում է Գյումրիում ժողովրդի քվեն խլել, ինչպես տարիներ առաջ Վանաձորում խլեց, երբ ընտրությունից հաշված օրեր անց շինծու գործով ձերբակալեց հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանին:

Հրապարակ թերթը գրել է․ Ապա իր դաշնակից Էդմոն Մարուքյանի միջոցով ավագանու նիստերի վրա արգելանք դրեց, հետո օրենքը փոխելով` քաղաքապետի ԺՊ նշանակեց քրեածին տարրի` Արկադի Փելեշյանին (Ակային)։

Երեկ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ հանրապետության երկրորդ քաղաքում իշխանազավթման փորձեր են արվում․ Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքի ավագանիներից մեկը` Կարեն Բադալյանը, ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել քաղաքապետին, վերջինս էլ արձանագրություն էր կազմել եւ ուղարկել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Սակայն երկու օր անց Կարեն Բադալյանը նոր դիմում էր ներկայացրել, որով խնդրել էր անտեսել իր դիմումը, նշել էր, որ ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ, բայց ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Սա իշխանությունների ձեռագիրն է, երբ պարտադրում են ավագանու ընդդիմադիր անդամներին դուրս գալ իրենց խմբակցություններից, միանալ իշխանականներին, փոխելով ուժերի հարաբերակցությունը` իշխանափոխություն անել համայնքում:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, համայնքի ղեկավարից ստանալով հրաժարականի մասին արձանագրությունը, սահմանված 7-օրյա ժամկետում պետք է արձանագրություն կազմեր եւ մանդատը դաշինքի ցուցակի հաջորդ անդամին փոխանցելու որոշում կայացներ, ինչը չի արել՝ խախտելով գործող օրենսդրության պահանջները:

Ընդդիմադիրները կասկածներ ունեին, որ ՔՊ-ն ցանկանում է մանդատ գողանալ «Մեր քաղաքը» դաշինքից, ապա եւս 2 ավագանու կա՛մ գողանալ, կա՛մ չեզոքացնել՝ ավագանու ձայների համամասնությունը փոխելով հօգուտ իրենց եւ մեկ տարի անց քաղաքապետին անվստահություն հայտնելու միջոցով զավթել իշխանությունը։ ՔՊ-ն Գյումրու ավագանիում, հիշեցնենք, ունի 14 մանդատ, նրան չի բավարարում 3 մանդատ, որպեսզի կարողանա քաղաքապետ դարձնել սեփական թեկնածուին: Եթե չկարողանա եւս երկու հոգու «գողանալ», ապա հնարավոր է ձերբակալությունների ճանապարհով խախտի ձայների համամասնությունը, եւ մեկ տարի անց քաղաքապետ ընտրեն ոչ թե առաջին, այլ երկրորդ փուլով, որի համար բավարար է սոսկ քվորումը, եւ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կարող է ընտրվել քաղաքապետ։
Մարտուն Գրիգորյանը, որի ղեկավարած դաշինքը ձեւավորվել է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» եւ Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցություններից, մարտի 30-ին կայացած Գյումրու ընտրություններից հետո երեկ առաջին անգամ էր խորհրդարան եկել։ Նա ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ավագանու կազմից եւ շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր:

Երեկ Գրիգորյանը բավականին ընկճված տեսքով էր եւ դրա համար թերեւս ուներ պատճառներ, այն էլ՝ ոչ մեկը: Չէ՞ որ, ունենալով Վարդան Ղուկասյանի հետ տասնամյակների թշնամանք, դժվարին որոշում էր կայացրել` աջակցել Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալուն, եւ ստիպված էր երեկ լրագրողներին հիմնավորել իր որոշումը: Բացի այդ՝ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ իբր իշխանությունը հատուկ ուղղորդում է ընդդիմադիր էլեկտորատին, որ Վարդան Ղուկասյանին ընտրեն, որ հետո նրանից վերցնի իշխանությունը, սակայն հիմա իշխանությունն աշխատում է ոչ թե Վարդան Ղուկասյանի, այլ հենց իր թիմի վրա։
Մենք Մարտուն Գրիգորյանին հարցրինք՝ ի՞նքն է ձեւավորել իր ավագանու ցուցակը, ինչո՞ւ է այնպիսի մարդկանց ընդգրկել, որ հաշված օրեր անց, փաստորեն, դավաճանում են թիմին։ Մարտուն Գրիգորյանն ասաց, որ Կարեն Բադալյանը «Հայրենիք» կուսակցության անդամ է, ինքն էլ է ճանաչել նրան, ու մտքով անգամ չի անցել, որ կարող է նման զարգացում տեղի ունենալ։ Հարցրինք՝ իսկ կոնկրետ ինչպե՞ս են ազդել Բադալյանի վրա՝ շանտա՞ժ են արել, թե՞ խոստումներ տվել։ Գրիգորյանը վստահեցրեց, որ ինքն արդեն տեւական ժամանակ չի կարողանում կապ հաստատել նրա հետ, իրեն միայն փոխանցել է, որ ուզում է վայր դնել մանդատը, այլ աշխատանքի անցնել, հետո դարձել է անհասանելի։ «ՔՊ-ն չի մարսել Գյումրիում կատարվածը։ Այս պահի դրությամբ ընդդիմությունը հաղթել է, եւ Գյումրին ունի քաղաքապետ, որի դիմացը փորձում են փակել: Հիմա ամեն անգամ էլ կարելի է տապալել, ընտրություններ լինի, իշխանության համար ոչ ցանկալի մարդիկ ընտրվեն, էլի տապալեն, էլի նոր ընտրություններ լինեն։ Իրենք ամեն ինչ անելու են, փորձելու են այնպես անել, որ Գյումրին կառավարելի չդառնա»,- ասաց նա:

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով մեղադրանքներին, թե իշխանությունը փորձում է գողանալ ընդդիմադիրներին եւ Գյումրիում իշխանափոխություն անել, նշեց. «Ո՞ւմ գողանանք, ինչի՞ համար գողանանք, դա ի՞նչ է։ Գյումրեցին իր ընտրությունը կատարել է, մենք թողնում ենք գյումրեցուն իր ընտրության հետ։ Տեր ենք կանգնում մեր ձայներին եւ շարունակելու ենք աշխատանքները, ի վերջո, առաջին տեղն ենք զբաղեցրել եւ աննախադեպ շատ ձայն ենք հավաքել»։ Ալեն Սիմոնյանը չի ընդունում, որ ավելի վաղ բազում համայնքներում են նույն ձեռագրով իշխանություն զավթել, դիցուք՝ Վանաձորում։ Նա համարում է, որ պառլամենտական երկրներում նորմալ գործընթացներ են, երբ երրորդ տեղը զբաղեցրածը դառնում է քաղաքապետ․ «Բա էդ ո՞նց ա լինում, որ Գյումրիում այն թեկնածուն, որ կրկնակի քիչ ձայն է հավաքել առաջին տեղից, մնացածը միացան, դարձավ քաղաքապետ»։

Գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ ընտրություններ կեղծելու նոր մեթոդ` այլընտրա՞նք են ստեղծել իրենք` իշխանազավթում անելով, որը կիրառել են տարբեր համայնքներում, իսկ Գյումրիում արդեն առաջին քայլերն են անում։ «Իսկ որ ասում են՝ իշխանությունն է գողացել, ճնշել, ի՞նչ փաստարկներ ունեն, ի՞նչ հիմքեր»,- հարցին հարցով պատասխանեց ՔՊ-ականը եւ վստահեցրեց. «ՔՊ-ն բացարձակ կապ չունի այս ամենի հետ։ Իրենք իրենց թիմերի միջեւ խնդիր ունեն, չորս ուժով կոալիցիա էլ չեն կազմել եւ իրենք իրենց խնդիրները թող չբարդեն ՔՊ-ի վրա»։

ՀԳ․ Բարձրացած աղմուկն իր դերը խաղաց, եւ երեկ Գյումրու թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը նիստ արեց, ընդունեց Կարեն Բադալյանի ինքնաբացարկի դիմումն ու ավագանու մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համար Նարեկ Միրզոյանին: