22/05/2025

Դատախազն ատամներով պահում է Ֆինանսների նախարարին

Դեռ անցած տարեվերջին մեծ խումբ փաստաբաններ, վրդովված իրենց հարկերի բարձրացումից, պայքար սկսեցին եւ հատկապես կենտրոնացան Հարկային օրենսգրքում փոփոխությունների համահեղինակի` ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վրա: Սկսեցին փորփրել նախարարի կենսագրությունն ու քրեական տարրեր պարունակող տվյալներ, կոռուպցիոն ռիսկեր գտան։

Հրապարակ թերթը գրել է․ Փաստաբանները նախ ուսումնասիրել էին նախարարի եկամուտների հայտարարագրերը։ «Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ կա՛մ փողերի լվացման հետ գործ ունենք, կա՛մ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելն էլ` ուղղակի ենթադրվում է այս հաշվետվությունից»,- 2024-ի դեկտեմբերին հայտարարել էր փաստաբան Արա Զոհրաբյանը:

Վահե Հովհաննիսյանը ֆինանսների նախարարությունում է 2021-ից, նախ՝ նախարարի տեղակալն էր։ Փաստաբանների խումբը համեմատել է պաշտոնավարման շրջանի նրա բոլոր հայտարարագրերը եւ պարզել, որ պաշտոնի նշանակվելուց հետո Հովհաննիսյանը 1 միլիոն դոլար անտոկոս փոխառություն է ստացել։

Ըստ փաստաբանների՝ 1 միլիոն դոլարով բարձրաստիճան պաշտոնյան գնել է «Կարիտաս Իտալիանա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, ավելի ուշ այդ կազմակերպությունը վերակազմավորվել է որպես «Ջի կոդեր», եւ իր բաժնեմասը վաճառել է ազգականին: Իսկ 2023-ին կառավարությունն այս ընկերությանը տրամադրել է 1.8 մլրդ դրամի ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն։ Ապա փաստաբանները դիմել էին նախարարի դեմ քրեական վարույթ սկսելու պահանջով, ինչը մերժվել էր: Որից հետո փաստաբանները դիմել էին դատարան` պահանջելով պարտավորեցնել նախաքննության մարմիններին՝ գործ հարուցել եւ ուսումնասիրել նախարարի գործունեության մեջ կոռուպցիայի առկայության հանգամանքը:

Ի վերջո, Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը պարտավորեցրել էր նախաքննական մարմնին՝ քրեական վարույթ նախաձեռնել եւ պարզել, թե արդյո՞ք Փաշինյանի կառավարության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանը կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքներ է գործել։ Սակայն Գլխավոր դատախազությունը, հավանաբար՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, բողոքարկել է դատարանի որոշումը` հրաժարվելով վարույթ հարուցել նախարարի հետ կապված: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ չի մտել։

Նախարարի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու համար դիմած փաստաբաններից մեկը` Արա Զոհրաբյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում խոսելով դատախազության բողոքարկման մասին, ասաց․ «Գլխավոր դատախազը բողոքարկել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որի վերաբերյալ բողոքի պատասխան եմ ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Շատ տարօրինակ է գլխավոր դատախազի այս կեցվածքը: Ի վերջո, խոսքը գնում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին: Դա նշանակում է, որ դատավարական գործողությունների արդյունքում եթե պարզվի, որ ֆինանսների նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարց չկա, ապա գործի վարույթը կարող է կարճվել: Մինչդեռ դատախազությունը չի էլ ուզում, որ վարույթ նախաձեռնվի: Ինչո՞ւ, ինչի՞ց է անհանգստանում, այլ բանե՞ր կբացվեն, որի դեպքում չեն կարողանա ֆինանսների նախարարին պահել: Իմ կարծիքով՝ գլխավոր դատախազի բողոքն անհիմն է»։

Օրեր առաջ Վահե Հովհաննիսյանը բացատրել էր իր ներգրավվածությունը պետությունից արտոնություններ ստացած «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ում եւ նշել՝ չի համարում, որ հայտնվել է կոռուպցիոն սկանդալում։ «2020 թվականի պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշեցինք, որ տեխնոլոգիական պարկ ենք ուզում հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի զինվածությունը տարբեր՝ բարձրտեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ։ Որոշեցինք այդպիսի բան հիմնադրել, եւ իմ ընկերներից մեկը գումար ներդրեց այդ բիզնեսի մեջ ու ձեւակերպեց որպես պարտք, եւ որոշվեց, որ ես պետք է ղեկավարեմ այդ ընկերությունը։ 2021 թվականի օգոստոսին, երբ կառավարությունը որոշեց, որ ես պետք է ստանձնեմ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, եւ երբ արդեն պարզ էր, որ այդ գործունեությամբ չեմ կարող զբաղվել, ես այդ պարտքն ու ընկերությունը փոխանցեցի երրորդ անձի։ Որքանով տեղյակ եմ, այդ ընկերությունը ներդրման ամբողջ ծավալն իրականացրել է եւ արդեն գործունեություն է իրականացնում»,- ասել էր նախարարը։ Բայց այս տեքստով, ըստ էության, չի հերքում փաստաբանների մեղադրանքները, ավելի շուտ՝ հաստատում է, պարզապես փորձում է ներկայացնել, որ բիզնեսը փոխանցել է «երրորդ անձի» եւ այդ անձի ստացած արտոնությունների հետ ինքը կապ չունի: