Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն Բաքվում հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանն Իրանի աջակցությունը և նշել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ պայմանագրի ստորագրման գործընթացի միջնորդ: Իրանցի պաշտոնյայի հայտարարությունը, կարծես թե, հնչում է բազմիմաստ:
Համենայն դեպս հստակ չէ՝ նա արտահայտում է Իրանի նախագահի ցանկություն ու պատրաստակամությո՞ւն, թե՞ արդեն իսկ որոշակի իրողություն, որի մեկնարկը կարող է տրված լինել Մասուդ Փեզեշքիանի, ապրիլի 28-ին Ադրբեջան կատարած այցի ընթացքում: Հասկանալի է, որ տարբերությունը բավականին էական է:
Մի բան է ցանկությունը, մտադրությունն ու պատրաստակամությունը, և մեկ այլ բան է կոնկրետ առաջարկների առկայությունն ու անգամ դրանց քննարկումը, հարցի առկայությունը պաշտոնական օրակարգում:
Հայ-ադրբեջանական կայունությամբ Իրանի շահագրգռությունը, իհարկե, չունի թերևս ավելորդ մեկնաբանության կարիք: Թեհրանը, բնականաբար, պատրաստ կլինի առավելագույնն անել այդ կայունությանը նպաստելու համար: Այդուհանդերձ, հստակ ցուցիչը, իհարկե, բովանդակությունն է: Իրանն ի՞նչ բովանդակությամբ է պատրաստ լինել միջնորդ:
Մասնավորապես, առանցքային հարցն այն է, թե ինչպես է Իրանը վերաբերում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախապայմաններին: Երբ խոսք է գնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրման մասին, ապա հիմնական հարցերից մեկն այն է, թե այդ գործընթացին նպաստելու պատրաստ որևէ երրորդ կողմ ինչպես է վերաբերում Ադրբեջանի նախապայմաններին, որ հասցեագրվում են Հայաստանին:
Այստեղ էականն այն է, որ այդ նախապայմանները, իհարկե, խաղաղության միջոց չեն, դրանք Հայաստանի հանդեպ առավելության, հայկական պետականությունը ամբողջապես Ադրբեջանի պատկերացումներին ենթարկեցնելու միջոց են:
Հետևաբար, այդ նախապայմանների հանդեպ վերաբերմունքը, ըստ էության վերաբերմունք է հայկական պետականության հանդեպ, այլ ոչ թե հայ-ադրբեջանական խաղաղության: Դա է, ըստ էության, գործնական «չափման միավորը», թե Իրանի, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու պատրաստ որևէ այլ պոտենցիալ միջնորդի պարագայում:
Բաց մի թողեք
Ինքնին քաղաքական ակցիա է, հետևաբար քաղաքական ռիսկ
ԱՄՆ-ը կմիանա՞ Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցներին
Պուտինը փորձում է խաղալ․ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար չի ուրվագծվում