Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր իշխանության մոտ կա որոշակի հակասականություն: Ես միանգամայն համաձայն եմ, որ Փաշինյանը Ռուսաստանի համար անցանկալի չէ:
Կասեմ ավելին՝ շատ ցանկալի է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի բոլոր հարեւանների եւ տարածաշրջանում շահեր ունեցողների համար: Պրեֆերանսում կա մի դերակատարություն, երբ մասնակիցներից մեկն, ըստ էության, չի խաղում, մշտական «փասի» մեջ է եւ կատարում է որոշակի ձեւական գործառույթներ:
Ընդ որում, շատ ցանկալի է, որ նման «խաղացողն» ունենա երկնքին հասնող անձնական հավակնություններ եւ որեւէ բանով չհիմնավորված ինքնահավանություն՝ այդպիսիների հետ հմուտ խաղացողներին ավելի հեշտ է գործ ունենալ: Այնպես որ, այո, Փաշինյանը Ռուսաստանին բացարձակապես չի խանգարում:
Բայց եթե չի խանգարում, ինչի՞ վրա են հիմնված այն պնդումները, թե Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղում: Պատերազմ, այդ թվում՝ հիբրիդային, մղում են թշնամի պետության դեմ, մասնավորապես, այդ պետությունում իշխանությունը եւ, հետեւաբար, քաղաքական կուրսը փոխելու նպատակով:
(Գուցե մեր երկրում կան ընդդիմադիր ուժեր, որոնք դրա մասին են երազում, բայց դա իրենց խնդիրն է): Բայց եթե Հայաստանի այս իշխանությունն անցանկալի չէ, եթե քաղաքականությունը (շեշտեմ՝ քաղաքականությո՛ւնը, ոչ թե «քույր կուսակցությունների» եւ հ/կ-ականների հռետորաբանությունը), ընդհանուր առմամբ, ձեռնտու է Ռուսաստանին, ապա ինչի՞ համար է պետք այդ պատերազմը:
Այս պահին, օրինակ, ինձ թվում է, որ Կրեմլը 2026 թվականին բացարձակապես դեմ չի լինի, որ Փաշինյանը վերարտադրվի:
Եվ հետո՝ ինչո՞ւմ է արտահայտվում այդ «հիբրիդային պատերազմը»: Ինչ-որ մի հրապարակախոս կամ լրագրող ինչ-որ բան է ասում:
Մեզ համար նրանք հիբրիդային պատերազմի մա՞ս են: Ենթադրում եմ, որ դավադրապաշտական առասպելաբանությունը, ըստ որի, նույնիսկ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքն է Կրեմլը կազմակերպել, ներքին օգտագործման քարոզչության համար է՝ «տեսեք, մենք հերոսաբար պայքարում ենք Հայաստանի ինքնիշխանության համար»:
Մարդիկ կան, որ դրան հավատում են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու. Լուսանկար
ԱՄՆ-ն այժմ հետաքրքրություն ունի, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի
Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանից զանգի լուրը, սակայն ինքը թիրախավորվել է 2008-ից