Հայաստանյան «արեւմտամետները» կտրականապես դեմ են «Մեծ հայրենական պատերազմ» ձեւակերպմանը: Նրանք գտնում են, որ դա «ռսաստրկություն» է կամ, լավագույն դեպքում, խորհրդային հնացած մտածողության իներցիա:
Ըստ այդ հայեցակարգի՝ Խորհրդային Միությունն առանձնապես ներդրում չունի նացիզմի դեմ տարած հաղթանակի մեջ, իսկ խորհրդային բանակի զինվորները կռվում եւ զոհվում էին հանուն Ստալինի: Ինձ թվում է, այդ մոտեցումը մեզ՝ հայերիս համար պետք չափազանց վիրավորական լինի՝ դրանով անարգվում է մեր պապերի, հարյուր հազարավոր մեր հայրենակիցների հիշատակը:
Այստեղ ես տեսնում եմ նաեւ պաշտոնական «թրենդի» շարունակություն, իբր մարդիկ իրենց կյանքն են զոհել «հանուն ոչնչի»: Պատկերացնել հայրենիքի պաշտպանությունը՝ որպես գոյություն ունեցող եւ միանգամայն խրախուսելի մոտիվացիա, իշխանական քարոզչությունը չի կարող:
Ցավոք, այդ ծայրահեղ ցինիզմով վարակված է նաեւ մեր հասարակության, այդ թվում՝ երիտասարդության զգալի մասը, եւ դրա մեջ ես տեսնում եմ լուրջ սպառնալիք մեր ազգային անվտանգության համար:
Մեծ հայրենական պատերազմը՝ որպես այդպիսին ճանաչելու պատմական, բարոյական խնդիրը պետք է տարանջատել Փաշինյանի՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում հայտնվելու՝ զուտ քաղաքական հարցից: Ամենայն հավանականությամբ՝ Հայաստանի վարչապետը չունի Իլհամ Ալիեւի քաղաքական ռեսուրսը, որպեսզի կարողանար մերժել Պուտինի հրավերը:
Ադրբեջանի՝ քաղաքական խաղեր տալու դաշտը զգալիորեն ավելի մեծ է, քան Հայաստանինը, որովհետեւ, բացի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններից, այդ երկիրն ունի Թուրքիայի ուղղակի ու Եվրամիության անուղղակի աջակցությունը: (Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների հռետորաբանությամբ մի՛ խաբվեք՝ կան շատ ավելի էական տնտեսական շահեր):
Ալիեւը ոչ բոլոր դեպքերում, բայց որոշակի սահմաններում կարող է Պուտինին «ոչ» ասել, իսկ Փաշինյանը չի կարող: Օդի մեջ «եվրոպամետ» ճառեր արտասանել՝ ինչքան ուզեք:
Ընդունենք այդ ամենը որպես իրողություն՝ Փաշինյանը չէր կարող Մոսկվա չգնալ: Այդ ֆոնին բավականին զավեշտալի են հնչում այն պնդումները, իբր Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում:
Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարը հյուր էր իր երկրի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպիչների մոտ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
«Մերժեցի՞ք, ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի». Աննա Հակոբյան
Ինչպես Կարեն Կարապետյանը /չ/առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում․ Լուսանկար
Ընկնելով պատմության հետևից․ Արա Այվազյան