20/05/2025

Զելենսկին ու Թրամփն անդրադարձել են Պուտինի առաջարկին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուղիղ բանակցություններ անցկացնելու առաջարկին։

«Դա լավ նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Աշխարհում բոլորը դա վաղուց էին սպասում»,- գրել է Զելենսկին:

Նա նշել է, որ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը զինադադարն է. «Անիմաստ է սպանությունները շարունակել նույնիսկ մեկ օր: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադարը՝ ամբողջական, տևական և հուսալի, սկսած վաղվանից՝ մայիսի 12-ից։ Եվ դրանից հետո Ուկրաինան պատրաստ է հանդիպել»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ռուսական կողմի առաջարկները՝ դրանք անվանելով «պոտենցիալ հիանալի օր» Ռուսաստանի և Ուկրաինայի համար։

«Մտածեք, թե քանի հարյուր հազար կյանքեր կփրկվեն, երբ այս անվերջանալի «արյան բաղնիքը», հուսով ենք, ավարտվի: Սա կլինի նոր աշխարհ, շատ ավելի լավը, քան նախորդը: Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ դրան հասնելու համար»,- գրել է նա «Truth Social» սոցիալական ցանցում:

Հիշեցնենք՝ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային ուղիղ բանակցություններ վարել առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։