20/05/2025

Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունները վերսկսելու Պուտինի առաջարկն անվանել է «առաջին քայլ, բայց անբավարար», հայտնում է AFP-ն։

«Անվերապահ զինադադարին բանակցություններ չեն նախորդում: Պուտինը ելք է փնտրում, բայց ցանկանում է ժամանակ շահել»,- ասել է նա լրագրողներին Լեհաստանի Պրշեմիսլ քաղաքում՝ Կիևից տուն վերադառնալու ճանապարհին:

Նախօրեին Մակրոնը Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցել է «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին, որից հետո Վլադիմիր Զելենսկին Մոսկվայից պահանջել է համաձայնել մայիսի 12-ից 30-օրյա անվերապահ և ամբողջական հրադադարի:

Հիշեցնենք՝ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային ուղիղ բանակցություններ վարել առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։