ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան շրջագայությունից առաջ իսրայելական The Jerusalem Post-ը, հղում անելով The Media Line ամերիկյան ռեսուրսին, գրել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը առաջիկայում կարող է հայտարարել Պաղեստին պետությունը ճանաչելու մասին, իհարկե, առանց ՀԱՄԱՍ-ի և Գազայի:
Փաստը, որ այդ տեղեկությունը հանրայնացվում է Թրամփի Մերձավոր Արևելք այցից առաջ, թերևս էական է: ԱՄՆ նախագահը իրականացնելու է առաջին արտերկրյա այցը և նա մեկնում է ոչ թե ռեգիոնալ դաշնակից երկիր՝ Իսրայել, այլ արաբական երկրներ:
Իհարկե, առաջին նախագահության շրջանում էր ԱՄՆ նախագահն առաջին արտերկրյա այցը կատարել է Սաուդյան Արաբիա, սակայն այսօր բոլորովին այլ է միջավայրը թե՛ ռեգիոնում, թե՛ աշխարհում ընդհանրապես, ըստ այդմ նոր միջավայրում Թրամփի «երթուղին», անկասկած, ստանում է առավել հատկանշականություն:
Նա լինելու է Սաուդյան Արաբիայում, Էմիրություններում, Կատարում: Սա բնականաբար չի նշանակում, որ ԱՄՆ լքում է Իսրայելը: Բայց, միջազգային նոր իրավիճակը անխուսափելի անհրաժեշտություններ է առաջացնում ԱՄՆ ռեգիոնալ քաղաքականությունը նորոգելու իմաստով:
Իսկ այդտեղ, իհարկե, հնարավոր չէ հաշվի չառնել ուժերի նոր բալանսը, այդ թվում գերտերությունների միջև: Դա ենթադրում է, որ ԱՄՆ պետք է ձգտի կառուցել Իսրայելի հետ անվտանգության համակարգի նոր տրամաբանություն, որտեղ ԱՄՆ ոչ թե անսասան կանգնած է Իսրայելի մեջքին և տալիս է Թել Ավիվին ռեգիոնալ ամենաթողության «անցաթուղթ», այլ, ըստ էության, կանխարգելում է Իսրայելի հանդեպ «ամենաթողության» վտանգները՝ Թել Ավիվին բերելով ուժերի նոր բալանսի հետ հաշվի նստելու ռեժիմի:
Սա, իհարկե, շատ բարդ ու բազմաշերտ տրանսֆորմացիայի հարց է, որը, թերևս, մեկնարկել է Թրամփից էլ առաջ: Այդ գործընթացն է, որ սրել է Իսրայելի վարչապետի «ինքնապաշտպանական բնազդները», որոնք հնարավոր էր նրա դեմքին նկատել նույնիսկ շաբաթներ առաջ Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպմանը:
Պաղեստին պետության ճանաչումը այդ իմաստով կարող է Թրամփի համար լինել անհրաժեշտ քայլերից մեկը: Չի բացառվում, որ հենց այդ քայլը նախապատրաստելու համար է նաև Թրամփը, ըստ էության դրել Գազայի «չեզոքացման» խնդիր, այսպես ասած՝ «փոխանակման» սկզբունքով. ԱՄՆ ճանաչում է Պաղեստին պետությունը, սակայն դրա դիմաց Իսրայելն «ազատվում» է Գազայի խնդրից:
Եթե գործ ունենանք այդպիսի տրամաբանության հետ, ապա կասկած չկա, որ այդ հարցը ԱՄՆ քննարկել է ռեգիոնի արաբական առաջատարների հետ և Թրամփի մերձավորարևելյան այցի ընթացքում դա կարող է լինել միապետությունների հետ քննարկման առանցքային հարցերից մեկը:
Սակայն, այդ իմաստով, Պաղեստինի ճանաչման հայտարարության հնարավորության հանրայնացումը ունի իսրայելական լսարանն ադապտացնելո՞ւ նպատակ, թե՞ ժամանակից շուտ հանրայնացումով Մերձավոր Արևելք այցից առաջ Թրամփի հանդեպ ճնշման ու, ըստ այդմ, օրակարգը ճնշելու նպատակ:
Մերձավոր Արևելքը, իհարկե, բոլոր դեպքերում մեծ փոփոխությունների գործընթացում է:
Բաց մի թողեք
Իսրայելն արդեն հարվածում է՝ ինչ սպասել մեր տարածաշրջանում
ԱՄՆ – Իրան հարաբերություններում մտադիր է Իրանի հետ բանակցային գործընթացում թույլ չտալ «ֆալստարտ»
Մոսկվան ինչպե՞ս կվերաբերի «թշնամաբար դիրքավորված Ֆրանսիայի» հետ հարաբերությունը խորացնելու Տաջիկստանի քայլերին