13/06/2025

Էրդողանն ինչո՞ւ Իլհամ Ալիևին «չի ճանաչում»

Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն էր: Մոսկվայում տոնակատարություններին չմասնակցելու որոշումն Իլհամ Ալիևը պատճառաբանել էր այդ առթիվ միջոցառումներով:

Ալիևը, ինչ խոսք, կարող էր մայիսի 9-ին գտնվել Մոսկվայում, հաջորդ օրն այցելել հոր գերեզմանին և Աղդամում «մուղամի կենտրոն» բացել: Բայց նախընտրել է ևս մեկ անգամ ընդգծել իր անձը, միաժամանակ դժգոհել, որ տարածաշրջանում իր հետ հաշվի չնստողները վաղը խորապես ափսոսալու են:

Այս «նվնվոցի» ֆոնին աչքի է զարնում թուրքական «Անադոլու» գործակալության հրապարակումը, որ նվիրված է Հեյդար Ալիևին: Հեղինական, ընդ որում, ոչ մի բառ չի ասում Աղդամում Իլհամ Ալիևի կազմակերպած տոնական միջոցառումների մասին:

Չափազանց ուշագրավ է, որ Հեյդար Ալիևը ներկայացված է որպես խորհրդային հատուկ ծառայությունների հայտնի դեմք, ընդգծվում է, որ նրա «կամքը և վերլուծաբանական կարողությունները թրծվել են հակահետախուզությունում, այդ թվում՝ արտերկրում, աշխատած տասնամյակներին»:

Անդրադառնալով Հեյդդար Ալիևի կյանքի վերջին շրջանին, «Անադոլուն» նշում է, որ նա 2003 թվականին «համաձայնել է երրորդ ժամկետով նախագահ ընտրվել, բայց առողջական հանգամանքները թույլ չեն տվել, որ մասնակցի ընտրություններին»:

Ոչ մի խոսք այն մասին, որ այդ փուլում նախագահի թեկնածու է առաջադրվել նաև Իլհամ Ալիևը, որի օգտին էլ հետագա մրցապայքարից Հեյդար Ալիևը հրաժարվել է:

Ադրբեջանի քաղաքական պատմության այդ շրջանը մութ է: Երբ Հեյդար Ալիևը սրտի տագնապով տեղափոխվել է թուրքական «Գյուլհանե» կլինիկա, Իլհամ Ալիևը նշանակվել է վարչապետ: Ադրբեջանական ընդդիմությունը համարում է, որ այդ նշանակումն իրավական առումով խոցելի է:

Սահմանադրությունը վարչապետի նշանակման մի ընթացակարգ ունի, նրան այդ պաշտոնում հաստատում է Միլլի մեջլիսը՝ նախագահի ներկայացմամբ: Իլհամ Ալիևը վարչապետ է նշանակվել Հեյդար Ալիևի հրամանագրով:

Կա տեսակետ, որ այդ հրամանագիրը կեղծված է, Իլհամ Ալիևը պարզապես վարչապետ Ռասիզադեին հեռացրել է և գրավել նրա աթոռը, որպեսզի գործադիր իշխանությունը ծառայեցնի նախագահական ընտրարշավին:

«Անադոլուի» հրապարակման իմաստով՝ Հեյդար Ալիևը 2003 թվականի դեկտեմբերի 12-ին Քլիվլենդի կլինիկայում մահացել է՝ լինելով Ադրբեջանի նախագահ: Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը բառ, իսկ չի ասում, որ Ադրբեջանի 2003 թվականի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը հաղթել է և փոխարինել հորը, երբ վերջինս դեռ «Քլիվլենդում բուժում էր անցնում»:

Ասել, թե «Անադոլուի» հեղինակը տեղյակ չէ Իլհամ Ալիևի իշխանության գալու հանգամանքներին, միամտություն կլիներ: Արտառոց է, որ Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը չի անդրադարձել Ադրբեջանում իշխանության հաջորդայնությանը, Իլհամ Ալիևին չի ճանաչել Հեյդար Ալիևի գործի շարունակող:

Դրանից, իհարկե, ուղղակիորեն չի հետևում, թե Բաքվի և Անկարայի կամ Ալիևի և Էրդողանի հարաբերությունները «ճգնաժամային են», բայց Իլհամ Ալիևի քաղաքական կերպարի բացահայտ անտեսումը չի կարող «վրիպում» լինել:

Բարդ է կռահել, թե այս փուլում Էրդողանն ինչո՞ւ Իլհամ Ալիևին «չի ճանաչում»: Պետք է, հավանաբար, սպասել, թե ի՞նչ ընթացք կունենան իսրայելա-թուրքական, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերությունները: