13/06/2025

ԿԳՍՄ-ի այս որոշումից հետո իրավիճակը կլարվի․ դասադուլն ու գործադուլը կշարունակվի Երեւանի հայտնի դպրոցում

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մերժել է Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի դիմումը։

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից մեզ փոխանցում են՝ դիմողի բողոքը չի բավարարվել, և եզրակացությունը համապատասխան կարգով փոխանցվել է հավակնորդին։

Այլ տեղեկություն նախարարությունից չհաղորդեցին․ «Բողոքարկման գործընթացն անցկացվել է համաձայն ՀՀ կառավարության 2023 թ․ թիվ 181-Ն որոշման»։  Նշենք, որ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը վերջին փուլը չանցնելու որոշումն էր բողոքարկել։

Մենք փորձեցինք կապ հաստատել Ստեփանյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք՝ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցչական կոլեկտիվն անցած հինգշաբթի օրվանից դասադուլ են իրականացնում։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։

Նույն պահանջով աշակերտների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել։ Ըստ ծնողների եւ ուսուցչական անձնակազմի՝ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։

Ծնողների խոսքով՝ 10 տարի պաշտոնավարող տնօրենին առանց հիմքերի են ազատել աշխատանքից։ Նա մայիսի 3-ին «փայլուն հանձնել է քննությունն» ու վերանշանակմանն էր սպասում, երբ տեղեկացրել են, որ բանավոր հարցազրույցը չի անցել եւ պետք է լքի պաշտոնը։

Ըստ ամենայնի, ԿԳՍՄ-ի այս որոշումից հետո իրավիճակը կլարվի․ դասադուլն ու գործադուլը կշարունակվի Երեւանի հայտնի դպրոցում։