13/06/2025

«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան

Հոկտեմբերի 27-ի հետ կապված քրեական վարույթը գաղտնի ռեժիմով է քննվում, բայց հավաստիացնում եմ, որ այս քրեական վարույթով մեծածավալ և հսկայական գործողություններ են կատարվում:

Մարտի 1-ի հետ կապված էլ Քննչական կոմիտեն այս պահին գործողություններ է կատարում:

Այս մասին Ազգային ժողովում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի գործերին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններին առնչվող գործերի քննություններին:

«Ես տեղյակ եմ, որ այս գործերով առնվազն մեր հանրությունը և մեր ժողովուրդը սպասելիքներ ունեն, և սպասում են այս գործերով կոնկրետ պատասխանների: Իսկ մենք կոչված ենք, որպեսզի այդ պատասխանների հետ կապված գործողություններ ձեռնարկվեն, որպեսզի մյուս անգամ այստեղ գալիս ասելիք ունենանք»,- ասել է նա:

Պողոսյանի խոսքով՝ չնայած ինքը մեծ գայթակղություն ունի մանրամասներ ներկայացնելու, թե այս գործերի մասով ինչ աշխատանքներ են կատարվել, բայց այդ գայթակղությանը կդիմանա, որ երբ ՔԿ-ն կոնկրետ արդյունք ունենա, հրապարակի այդ արդյունքը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվել է, թե քննչական մարմինը կամ ՀՀ գլխավոր դատախազությունն ի՞նչ հոդվածով են քննում 2020 թվականի նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները՝ միայն Արարատ Միրզոյանի մահափորձի՞, թե՞ նաև իշխանության զավթման: ՔԿ նախագահը նշել է՝ երկուսի էլ:

«Քրեական վարույթներով ՔԿ-ն ակտիվ գործողություններ է իրականացնում՝ նոյեմբերի 9-10-ի իրադարձությունների հետ կապված այս շաբաթ էլ և ամեն շաբաթ: Արդյունքը տեսանելի կլինի հանրությանը: Դրա հետ կապված մենք պարբերաբար հաղորդագրություններ կտարածենք»,- ասել է ՔԿ նախագահը:

Անդրանիկ Քոչարյանն իր հերթին խոստացել է իր ելույթի շրջանակում ներկայացնել, թե ինչ «հետաքրքիր կապ» կա վերոնշյալ երեք գործերի միջև: