13/06/2025

Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում կամ նոր նշանակում կլինի, կամ՝ նոր մրցույթ կհայտարարվի

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները անցած հինգշաբթի օրվանից  դասադուլ են իրականացնում։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։

Նույն պահանջով աշակերտների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել։ Ըստ ծնողների եւ ուսուցչական անձնակազմի՝ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։

Ծնողների խոսքով՝ 10 տարվա պաշտոնավարման տնօրենին առանց հիմքերի են ազատել աշխատանքից։ Նա մայիսի 3-ին է փայլուն հանձնել իր քննությունն ու վերանշանակմանն էր սպասում։

Ուսուցչական անձնակազմը պահանջում է հրապարակել քննության տեսաձայնագրությունը։

«Արդեն 1000-ից ավել ծնող ստորագրել է, մենք պահանջում ենք, որ ԿԳՄՍ նախարարը բացատրի, թե ինչո՞ւ են դպրոցի տնօրենին հեռացրել աշխատանքից։ Ասում են` ատեստացիա չի անցել, բայց մենք ուզում ենք մեզ ցույց տան այդ ատեստացիայի արդյունքները, որովհետեև մեր տնօրենը խելացի է և բանիմաց, մենք չենք հավատում ուղղակի ասեկոսեներին»,- ասել էր ծնողկոմիտեի նախագահ Ալվինա Հովակիմյանը։

Եվ, ահա, ծնողների, ուսուցիչների եւ աշակերտների պայքարը որոշակի արդյունք է տվել՝ հարցին անդրադարձել է ԿԳՄՍ նախարարությունը։ Դպրոցի բակում իրենց պայքարող «պուշկինցիներին» ընդունելու է փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Հանդիպման վերաբերյալ ԿԳՄՍ-ից մեզ փոխանցում են․ «Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներին՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակը և սահմանված ընթացակարգերը։ Այսօր նախատեսված է բողոքարկման նիստ, որի արդյունքների հիման վրա կկայացվի համապատասխան որոշում․ կամ կկատարվի նոր նշանակում կամ կանցկացվի մրցույթ՝ օրենքով սահմանված կարգով։

Հիշեցնենք, որ նախկին տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտին»։