13/06/2025

Կրակոցները նպատակ ունեն խաթարելու երկրի ներքին կայունությունն ու հանրային անդորրը․ Եղոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանին շարունակվող լարվածությանը։

Նա նշել է, որ հույս ունի՝ հայ ժողովուրդն ունի ամուր նյարդեր և չի տրվի ադրբեջանական կողմի սադրանքներին։

Եղոյանի խոսքով՝ կրակոցները ոչ միայն ուղղված են ռազմական դիրքերին, այլ նաև նպատակ ունեն խաթարելու երկրի ներքին կայունությունն ու հանրային անդորրը։ Նա կոչ արեց հասարակությանը պահպանել զգոնություն և չտրվել խուճապի։

Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ լրագրողները նույնպես կձգտեն չխաթարել հանրային անդորրը։ Լրագրողների հարցին, թե ինչով են կարող նպաստել այդ խաթարմանը, Եղոյանը պատասխանեց՝ խուճապ տարածելով։