13/06/2025

Մոսկվայի լոյալության դիմաց, Ղազախստանը Բաքու-Գրոզնի օդանավի կործանման պատճառ կճանաչի անվտանգության կանոնների խախտումը

Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման նախադատական հետաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն:

Այդ մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել են Ղազախստանի Գլխավոր տրանսպորտային դատախազությունից, հաղորդում է tengrinews-ը:

Ըստ հաղորդագրության՝ ներկայումս ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի բազմակողմանի, լրիվ և անաչառ ուսումնասիրություն՝ պարզելու «գործի բոլոր հանգամանքները»:

Այս ստանդարտ տեղեկատվությունը, գուցե, ուշադրության արժանի չլիներ, եթե չտարածվեր Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններից հետո: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին պահին չեղարկել է Մոսկվա այցը՝ պատճառաբանելով, որ պետք է մասնակցի Հեյդար Ալիևի ծննդյան առթիվ կազմակերպվող միջոցառումներին:

Որոշ աղբյուրներ կարծում են, որ Ալիևի մոսկովյան այցը չեղարկվել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ նրա լարված հարաբերությունների պատճառով:

Ղազախստանի Գլխավոր տրանսպորտային դատախազության հաղորդագրության տեքստում առկա է խիստ կարևոր ձևակերպում. «Ադրբեջանի AZAL ավիաընկերության քաղաքացիական օդանավի կործանման քննությունը տարվում է անվտանգության կանոնների խախտման հոդվածով»:

Ավելի վաղ Ղազախստանը հրապարակել է ադրբեջանական օդանավի կործանման պատճառների մասին նախնական եզրակացություն և ծանուցել, որ ICAO-ի սահմանած կարգի համաձայն վերջնական տեղեկությունը կհրապարակի մեկ տարվա ընթացքում:

Որևէ տեղեկություն, որ Ղազախստանի Գլխավոր տրանսպորտային դատախազությունը նախադատական հետաքննությունն է իրականացնում, անցած ամիսներին չի տարածվել:

Պարզվում է, որ պատկան մարմինը ոչ միայն գործ է հարուցել, այլև ունի նախնական վարկած, որ օդանավը կործանվել է շահագործման անվտանգության կանոնների խախտման պատճառով:

Անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ադրբեջանցի օդաչուներին վերագրելու փորձերի մեջ և պահանջել, որ հարուցվի քրեական գործ և մեղավորներն ստանան արդարացի պատիժ:

Հայտնի է, որ ադրբեջանական մարդատար օդանավի կործանման հաջորդ օրը Չեչինայի կառավարությունը կազմակերպել է պարգևատրման արարողություն: Տեսակետ կա, որ Ռամզան Կադիրովը պարգևների է արժանացրել ՀՕՊ մարտական հաշվարկի զինծառայողներին, որոնց արձակած հրթիռից «խոցվել է ադրբեջանական ինքնաթիռը»:

Ղազախստանի Գլխավոր տրանսպորտային դատախազության հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում Ռուսաստանի համասեռ կառույցների հետ համատեղ աշխատանքի մասին: Կարելի է ենթադրել, որ պատահարի առթիվ Ռուսաստանում քրեական գործ չի հարուցվել:

Կոպիտ ասած՝ «միջադեպը հարթելու» պատասխանատվությունն, այդպիսով, իր վրա է վերցրել Ղազախստանը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ռուսաստանից ակնկալիքը չի ստանա:

Ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում է Ղազախստանը նման պատասխանատվություն վերցրել: Տարվա ընթացքում ծրագրված է Ղազախստանի նախագահի Մոսկվա պետական այցը:

Հունիսի կեսերին Ղազախստան կայցելի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, նախապատրաստվում է Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթաժողով: Ռուսաստանը, հավանաբար, Չինաստան-Ղազախստան համագործակցության նկատմամբ ընկալունակություն է դրսևորում:

Այդ կարևորագույն հարցում Մոսկվայի լոյալության դիմաց, երևի, Ղազախստանը Բաքու-Գրոզնի օդանավի կործանման պատճառ կճանաչի անվտանգության կանոնների խախտումը: