Ընդհանուր առմամբ մենք տրամադրված ենք փնտրելու երկարաժամկետ խաղաղ կարգավորման ուղիներ: Այդ մասին մայիսի 12-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Իբրև ասվածի վկայություն՝ նա հիշեցրել է Վլադիմիր Պուտինի նախօրեին արած հայտարարությունը, որ պատրաստ է Կիևի հետ վերսկսել ուղղակի բանակցություններ՝ առանց որևէ նախապայմանի: Պեսկովի գնահատմամբ՝ այդ մոտեցումն արժանացել է ԱՊՀ և ԲՐԻԿՍ անդամ պետությունների առաջնորդների հավանությանը:
Պեսկովն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես Կիևին կոչ է արել «անհետաձգելիորեն և առանց որևէ նախապայմանի մասնակցել առաջարկված հանդիպմանը, իսկ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել, որ բանակցությունների կազմակերպման համար ամեն ինչ կանի»:
Ինչ վերաբերում է 30-օրյա հրադադար հաստատելու մասին Ուկրաինայի և նրա եվրոպական գործընկերների կողմից արված առաջարկությանը, Պեսկովն այն կարծիքին է, որ Ռուսաստանի հետ վերջնագրային լեզվով խոսելն անիմաստ է:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի վերջին ընդգծումն, ըստ էության, խեղաթյուրում է ռուս-ուկրաինական ուղղակի բանակցություններին ԱՄՆ նախագահի աջակցության իմաստը, որովհետև Կիևին կոչ անելով, անպայման, ներկայանալ Պուտինի առաջարկած հանդիպմանը՝ Դոնալդ Թրամփը չափազանց կարևոր պարզաբանում է արել. դա թույլ կտա հասկանալ Ռուսաստանի իրական մտադրությունը, որից հետո Միացյալ Նահանգներն իր եվրոպական գործընկերների հետ կորոշի, թե հետագա ինչ քայլեր են անելու:
Այդ մասին գրեթե բաց տեքստով ասել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լեմի հետ հեռախոսազրույցում նա վերահաստատել է, որ Վաշինգտոնի առաջնահերթ խնդիրը ռազմական գործողությունների դադարեցումը և հրադադարի անհապաղ հաստատմանն աջակցությունն է:
Ավելի հստակ և միանշանակ արտահայտվել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: «Շրջանակները սահմանված են, այսօր մենք պետք է ողջամիտ լինենք: Կամ Ռուսաստանը լրջորեն է տրամադրված և խաղաղություն է ուզում, կամ դա (Ուկրաինայի հետ ուղղակի բանակցություններ սկսելու մասին Պուտինի հայտարարությունը) լուրջ չէ, և մենք պետք է խստացնենք պատժամիջոցները»,- Ֆրանսիայի նախագահի խոսքը մեջբերել է «Ֆիգարոն»: Ընդսմին, Մակրոնն ասել է, որ հրադադար հայտարարելու վերջնաժամկետը լրանում է մայիսի 12-ի կեսգիշերին:
Տպավորությունը, որ Ուկրաինայի հետ ուղղակի բանակցությունների պատրաստակամության մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է մոսկովյան հանդիպումների արդյունքում, հավանաբար, մոտ է իրականությանը:
Տվյալ դեպքում հղում անել ԱՊՀ կամ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջնորդների ընկալունակությանը, գործնական քաղաքականության հետ որևէ առնչություն չունի: Ուկրաինական կարգավորումը պայմանավորված չէ Բելառուսի կամ նույնիսկ Ղազախստանի նախագահի դիրքորոշմամբ:
Շատ էական է, որ Ռուսաստան-Չինաստան համատեղ հայտարարությամբ ընդգծված է, որ հակամարտության լուծման հիմքում պետք է լինեն ՄԱԿ-ի Կանոնադրության, այսինքն՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: ՄԱԿ-ի Կանոնադրությունը միանշանակորեն մերժում է ուժի կիրառմամբ տարածքային նվաճումները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իմաստով հայտնվել է ծուղակում: Մի կողմից Չինաստանի հետ հարաբերությունները գերկարևոր են, մյուս կողմից նույնիսկ ընկեր Սին պատրաստ չէ ճանաչել Ռուսաստանին ուկրաինական տարածքների բռնակցումը:
Ամենայն հավանականությամբ, Ղրիմի ռուսաստանապատկանության հավանական ճանաչումից ետքայլ է արել նաև ԱՄՆ նախագահը:
Կրեմլի խոսնակ Պեսկովն, իհարկե, կոչված է սեփական հանրությանը ներշնչել, որ Ուկրաինայի հարցում եվրոպական մի քանի երկրներից բացի ամբողջ աշխարհն «աջակցում է Ռուսաստանի արդարացի մոտեցմանը», բայց դա փաստացի իրավիճակի հետ գրեթե առնչություն չունի:
Դրանից, սակայն, չի հետևում, թե Վլադիմիր Պուտինը կհամակերպվի և կհամաձայնի հրադադարի հաստատմանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով քաղաքական կարգավորմանը: Գոնե այս փուլում ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար չի ուրվագծվում:
Բաց մի թողեք
Իսրայելն արդեն հարվածում է՝ ինչ սպասել մեր տարածաշրջանում
ԱՄՆ – Իրան հարաբերություններում մտադիր է Իրանի հետ բանակցային գործընթացում թույլ չտալ «ֆալստարտ»
Մոսկվան ինչպե՞ս կվերաբերի «թշնամաբար դիրքավորված Ֆրանսիայի» հետ հարաբերությունը խորացնելու Տաջիկստանի քայլերին