04/06/2025

Ինչ փուլում է փոքրիկ Տիգրանի որոնումները, հարազատներն ինչ են պահանջում Փաշինյանից

Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրի փոքրիկ բնակիչը՝ երկամյա Տիգրանը, անհետացել է, իսկ շաբաթից ավելի տևող որոնումները ոչ մի արդյունք չեն տվել: Տարատեսակ վարկածներ են պտտվում, սակայն Տիգրանի ընտանիքն ու համագյուղացիները հակված չեն կարծել, թե փոքրիկն ընկել է իրենց տան կողքով անցնող գետն ու խեղդվել:

Մարմարիկի բնակիչները ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված նամակում պահանջում են ՀՀ կառավարությունից՝ տիեզերական արբանյակից արված տվյալ տեղանքի լուսանկարները զննել` հասկանալու համար, թե երեխան որ ուղղությամբ է գնացել:

Բացի այդ, պահանջում են խուզարկել «Կյանքի խոսք»  կրոնական կամզապերության՝ Մարմարիկի մոտ գտնվող հանգստյան տունը, իսկ «Եհովայի վկաների» և «Կյանքի խոսք» կազմակերպությունների հոգևոր առաջնորդներից պահանջում են կոչով դիմել իրենց հոտին, եթե երեխային առևանգողն իրենց մեջ է՝ անհապաղ վերադարձնել փոքրիկին իր ընտանիքին:

Հետաքրքիր է, որ կոչ են անում նաև հարցաքննել Հայաստանում օրգանների փոխպատվաստման համար դիմած տղա երեխա ունեցող ծնողներին կամ միակ որդուն կորցրած ծնողներին, իսկ նամակի վերջում գրված էր, որ երեխային առևանգողները կանիծվեն՝ ընտանիքի բոլոր անդամները հերթականությամբ կմահանան և նմանատիպ այլ սպառնալիքներ: Իհարկե, հասկանալի է, գյուղի բնակիչների տրամադրություններն ու անելանելի վիճակով պայմանավորված չափազանց զգացմունքային իրավիճակը:

«Հրապարակը» որոշեց Մարմարիկի վարչական ղեկավար Արթուր Քարամյանից պարզել, թե ինչ նամակ է սա, ինչու են նման պահանջներ առաջ քաշել և ինչ հույսեր ունեն: Բացի այդ, լուրեր տարածվեցին, որ գյուղացիներից մեկը տեսել է, թե ինչպես են գնչուներ անցնում փոքրիկ Տիգրանի տան կողքով, սակայն այդ մասին որոշել է հայտնել միայն հիմա:

«Չեմ կարող ասել, թե ինչ գնչուների է տեսել՝ իրավապահ մարմիններն այդ մասին կարող են խոսել, ես ինչ իմանամ, ինչի համար է ասել, չգիտեմ էլ ասել է, թե ոչ՝ տեղեկացված չեմ, թե ինչ գնչուների մասին է խոսքը: Ես անձամբ գնչուներ գյուղում չեմ տեսել»,-ասաց Մարմարիկի վարչական ղեկավարը:

Մարմարիկի բնակիչները բոլորն անհանգստացած են` իրենց համագյուղացու, իրենց բարեկամի երեխան է, բոլորն էլ անհնագստացած են:

Հղում անելով նամակին, հարցրինք` հնարավո՞ր է, որ արդյունք չստանալով գյուղացիները որոշեն իրենք զբաղվել փոքրիկ Տիգրանին գտնելու հարցերով, Քարամյանն ասաց` չի կարող ասել:

«Ես ընդհանրապես այդ նամակի բովանդակությանը չեմ տիրապետում, գիտեմ, որ վարչապետին են ուղղել, բայց չգիտեմ ինչ բովանդակությամբ: Նամակը չգիտեմ էլ ով է գրել, կարծեմ ուրիշ մարդ է նամակ գրելը կազմակերպել, որը մեր գյուղից էլ չի, տեղյակ չեմ բեվանդակությունից: Գիտեմ, որ նամակ է գրվել, ստորագրահավաք է կազմակերպվել, մնացած մանրամասներից բացարձակ տեղյակ չեմ»,-ասաց Քարամյանը:

Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են՝ աշխատանքներին մասնակցող փրկարարների թիվը երեք հարյուր հոգուց ավելի է:

«Ընդհանուր, թե ցամաքային, թե ջրային տարածքում որոնողական աշխատանքներ են տարվում: Ցանկացած բան դիտարկվում է, ցանկացած վարկած»,- նշեց Քարամյանը:
Թեև փոքրիկի անհետանալու օրը գյուղ եկող կամավորների թիվն ավելի շատ էր, հիմա մի քիչ նվազել է, բայց շարժ կա:

«Երեխայի ծնողները ու բոլորն էլ սպասում են լավ լուրի, ո՞վ կուզի վատ լուրի, ցանկացած մարդ էլ սպասում է լավ լուրի»,-եզրափակեց Արթուր Քարամյանը: