ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը ամերիկյան BREITBART կայքին տված հարցազրույցում արել է բավականին անակնկալ հայտարարություն՝ ասելով, թե Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության հաստատմանը և «իրենք կարծում» են, որ Երևանն ու Բաքուն կարող են դրանից հետո միանալ «Աբրահամյան համաձայնագրին»:
Հիշեցնեմ, որ «Աբրահամյան համաձայնագիրը» Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն էր դեռևս առաջին նախագահության ժամկետում, որի նպատակը արաբական երկրների և Իսրայելի միջև բնականոն հարաբերության ձևավորումն էր:
Համաձայնագիրը, սակայն, «թերի» է, քանի որ դրան գոնե առայժմ չի միացել առանցքային արաբական պետությունը՝ Սաուդյան Արաբիան: Կմիանա՞ր արդյոք Ռիյադը, եթե Թրամփը պահպաներ ԱՄՆ նախագահի պաշտոնն այն ժամանակ: Բարդ է ասել: Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոն-Ռիյադ հարաբերությունը լարված էր:
Այժմ Թրամփը վերստին փորձում է սերտացնել հարաբերությունը և արդեն իսկ կատարել է առաջին այցը Էր Ռիյադ, կնքել խոշորագույն ներդրումային պայմանագիր՝ 600 միլիարդ դոլարի փաթեթ: Բայց պարզ չէ, արդյո՞ք այդ համատեքստում արդիական է Սաուդյան Արաբիայի միանալը «Աբրահամյան համաձայնությանը»:
Համենայն դեպս, այսօր կան նոր բարդություններ, ինչպիսին՝ Սիրիան: Իսրայելը Սիրիայի դեմ կիրառում է ագրեսիա, շարունակում է Ագրեսիան Գազայում: Այդ պայմաններում դժվար է պատկերացնել արաբական աշխարհի և ռեգիոնի առաջատար Սաուդյան Արաբիայի միանալը Իսրայելի հետ հարաբերության կարգավորման նպատակ ունեցող համաձայնագրի:
Սակայն առաջանում է մեկ այլ հարց, թե արդյո՞ք Վաշինգտոնը դիտարկում է համաձայնագրի տրամաբանությունն ու էությունը փոխելու տարբերակ, որբ այն կունենա ոչ թե Իսրայելի հետ կարգավորման առաջնային նպատակ, այլ կլինի այսպես ասած անվտանգության կամ ռազմա-քաղաքական հարաբերությունների ավելի լայն և ընդգրկուն ճարտարապետության հիմք:
Համենայն դեպս, Ուիթկոֆը հայտարարում է, որ համաձայնագրին կարող են միանալ Լիբանանը, Սիրիան: Ինչպե՞ս է միանալու Սիրիան, որի տարածքը օկուպացնում է Իսրայելը: Միևնույն ժամանակ, Թրամփը Սաուդյան Արաբիայում կազմակերպել է Թուրքիայի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի ղեկավարների մասնակցությամբ քառակողմ գագաթնաժողովը: Էրդողանը միացել է օնլայն, իսկ արքայազն Բեն Սալմանը և Սիրիայի նախագահը Թրամփի հետ հանդիպմանը ներկա են եղել հենց Էր Ռիյադում:
Սթիվ Ուիթկոֆը բանակցային առաջին գծում է թե՛ Մոսկվայի հետ գործընթացում, թե՛ Իրանի: «Աբրահամյան համաձայնագրի» հարցեր այդտեղ քննարկվո՞ւմ են: Չէ՞ որ Հայաստանն ու Ադրբեջանը, միանալով դրանց, ոչ թե իրենք են ըստ էության «գնալու» Մերձավոր Արևելք, այլ փաստորեն Կովկասն է նաև դառնալու Աբրահամյան համաձայնությունների գոտի:
Իսկ այստեղ շատ էական է, թե դրանց ինչպես են վերաբերելու Մոսկվան ու Իրանը, որոնք միմյանց հետ ունեն ռազմավարական մեծ պայմանագիր, որի համատեքստում էական ռեգիոններից է Կովկասը:
Ընդհանրապես, Ուիտկոֆֆի հայտարարությունների տրամաբանությունն այնպիսին է, որ եզրակացությունն այն է, որ նրա արտահայտած մտքերը անձնական դատողություններ չեն, այլ ամերիկյան քաղաքականության օրակարգային ուղղություն կամ մշակում:
Այդ դեպքում իսկապես հնարավոր չէ պատկերացնել, որ այդ մշակումները կարող են կյանքի կոչվել, եթե դրանց դեմ են Մոսկվան ու Իրանը: Ըստ այդմ, եթե Ուիտկոֆֆը բարձրաձայնում է ամերիկյան քաղաքականության ոչ թե ցանկություններ, այլ ձևակերպված նպատակ կամ առաջադրանք, ապա դա նշանակում է, որ հարցը դրվելու է ամերիկա-ռուսական «գործարքի» սեղանին, կամ դառնալու է ամերիկա-ռուսական դիմակայության առարկա՝ ըստ էության վերածվելով ռեգիոնալ լարվածության ռիսկի:
BREITBART ռեսուրսը, որի հետ զրուցել է Ուիթկոֆը, հիմնադրվել է 2007 թվականին, այն ունի ուլտրաաջ-պահպանողական հայացքներով խմբագրական քաղաքականություն:
Բաց մի թողեք
Խաղասեղանին ավելի ընդգրկուն «խաղադրույք» է, ավելի լայն օրակարգով
Փաշինյանի պաշտոնանկությունների շղթան, էլ ում «գլուխները կթռնեն»
Երևանի պետական ճկունության 0 հնարավորություններն ու Բաքվի գրոհները