Բաքվի իշխանական լրատվամիջոցը, դիտարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան շրջայցը, եզրահանգել է, որ նա տարածաշրջանի գործընկեր է ընտրել Թուրքիային և Պարսից ծոցի արաբական միապետություններին։
Առերևույթ, իհարկե, այդպես է․ Դոնալդ Թրամփը ոչ միայն չի այցելել Իսրայել, այլև գտնվելով տարածաշրջանում, անգամ հեռախոսազրույց չի ունեցել վարչապետ Նաթանյահուի հետ, թեև դրա համար առիթ կար․ զուգահեռաբար Դոհայում ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների հայրենադարձության և Գազայում հրադադարի հաստատման հարցերով չափազանց բարդ բանակցություններ են ընթանում։
Ինչպես իսրայելական աղբյուրներն են փոխանցում, անցած երկու օրերին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի մի քանի անգամ Դոհայից կապվել է Իսրայելի վարչապետի հետ։
Նաթանյահուի համար «չափազանց բարդ է համաձայնել ամերիկյան առաջարկությանը», ասել է կառավարության աղբյուրը և հիմնավորել, որ ԱՄՆ-ն առաջարկում է տասը պատանդի ազատ արձակման դիմաց հաստատել քառասունօրյա հրադադար և կարգավորել մարդասիրական օգնության հարցը։
Ի՞նչ լուծում կգտնվի Գազայի հարցում, ոչ մի փորձագետ կանխատեսումներ չի անում։ Նաթանյահուի կառավարությունն ունի «պլան Բ», որ նախատեսում է Գազայում ցամաքային լայնածավալ ռազմագործողություն իրականացնել, եթե Դոհայի բանակցությունները հաջողությամբ չպսակվեն։
Այս դեպքում ավելի կարևոր է, որ Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն արտահայտող լրատվամիջոցը, կարծես, ազդանշում է իսրայելա-ադրբեջանական «դաշինքի» նկատմամբ Իլհամ Ալիևի թերահավատությունը։
Եթե Մերձավոր Արևելքում իրադարձությունները զարգանան Թրամփի շրջայցից ենթադրվող սցենարով, ապա տարածաշրջանում Իսրայելի բացառիկ կարևորության ընկալումն այլևս քաղաքական և անվտանգային գործոն չի լինի, և տպավորությունը, որ Միացյալ Նահանգների դեմոկրատական վարչակազմը «զսպում էր Նաթանյահուին, իսկ Թրամփը նրան գործողությունների կատարյալ ազատություն կտա», գործնականում չի հաստատվի։
Ադրբեջանի համար Իսրայելի հետ բացառիկ հարաբերությունները կարևոր էին ոչ միայն գործնական, այլև միջազգային հարաբերություններում բարձր վարկանիշ ապահովելու առումով։
Ավելի քան երկու տասնամյակ Բաքուն արևմտյան աշխարհում ունեցել է Իսրայելի հետ ռազմավարական գործընկերություն ունեցող միակ իսլամական երկրի համարում։ ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան շրջայցը վկայեց, որ Ադրբեջանի այդ «ծառայությունն» այլևս պահանջված չէ կամ այն նշանակությունը չունի, ինչ մտադրված է Վաշինգտոնին ներկայացնել Իլհամ Ալիևը։
Խնդիրն, ըստ էության, հանգում է նրան, որ Թրամփի վարչակազմը չի աջակցում Նաթանյահուի առավելապաշտական ծրագրավորումներին։ Դա վերաբերում է նաև Իրանի միջուկային ծրագրին։
Թեև ԱՄՆ նախագահը տարածաշրջանի «գլխավոր սպառնալիք» է անվանել Իրանին, բայց իրանա-ամերիկյան բանակցությունների մասին անգամ հրապարակային տեղեկատվությունը վկայում է, որ նա Իսլամական հանրապետության հետ ուղղակի առճակատման գործնական մտադրվածություն չունի։
Ադրբեջանի նախագահի հաշվարկն, ըստ երևույթին, կառուցված էր ԱՄՆ-Իսրայել ավելի սերտ հարաբերությունների հեռանկարով, ինչը նրան թույլ կտար Հարավային Կովկասում Վաշինգտոնի գլխավոր գործընկեր լինել որպես, պայմանական ասած, «երկրորդ Իսրայել»։ Թրամփի մերձավորարևելյան շրջայցը սկզբունքորեն բացառում է աշխարհաքաղաքական այդ դասավորությունը։
Ընդ որում, Իսրայելի նկատմամբ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը գրեթե վերադարձ է Բայդենի շրջանի իրողություններին, երբ Վաշինգտոնը «չէր հանձնում» Նաթանյահուին, բայց և չէր սատարում Պաղեստինի ոչնչացման նրա ծրագրին։
Ի՞նչ հետևություններ կանի Ալիևը, երբ Վաշինգտոնի հետ «ճեղքում» նրան չի սպասում։
Բաց մի թողեք
Պուտինի «տրիումֆն» ու Թրամփի «պարտության հաշիվը»
Բաց է նույնիսկ Թուրքիայում Թրամփ – Պուտին հանդիպման հավանականությունը
Քաղաքական տգիտությունը ՔՊ-ականներին թույլ չի տալիս հասկանալու …