23/06/2025

Իսկ Իսրայելում ներքաղաքական իրավիճակն անկայուն է, ինչ է անում Թրամփը

Պարսից ծոցի արաբական միապետություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջայցի ֆոնին իսրայելական մամուլը մի քանի հրապարակումներում քննարկել են նրա և Բենիամին Նաթանյահուի միջև սառնությունը և առանձնացրել երեք հիմնական պատճառ:

Առաջին տեղում Իրանի միջուկային ծրագիրն է: Իսրայելցի մեկնաբանները պնդում են, որ Նաթանյահուին «ծխիստ անհանգստացրել է Թրամփի հայտարարությունը, որ վերջնական որոշում չունի՝ Իրանը կպահպանի՞ ուրանի հարստացման իրավունքը, թե՞՝ ոչ:

Նաթանյահուի դժգոհության երկրորդ պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դադարեցրել է Եմենի հութիների ռազմակայանների և ենթակառուցվածքների ռմբակոծությունները, ընդ որում՝ առանց այդ մասին նախապես Իսրայելին տեղյակ պահելու:

Երրորդ «հարվածը» Նաթանյահուն ստացել է, երբ շատ անսպասելի պարզվել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ՀԱՄԱՍ-ի հետ Թուրքիայի և Եգիպտոսի միջնորդությամբ բանակցություններ են վարել և հասել Իդան Ալեքսանդրի հայրենադարձությանը:

Ինչպես իսրայելական Ynet-ն է գրում, Նաթանյահուն այդ մասին իմացել է, երբ Վաշինգտոնից նրան տեղեկացրել են, որ Ալեքսանդրին դիմավորելու համար ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆն ուղևորվում է Իսրայել:

Նաթանյահուի համար, ամենայն հավանականությամբ, հաճելի չի եղել նաև ԱՄՆ նախագահի և Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմադ ալ-Շարաայի հանդիպումը, բայց իսրայելցի փորձագետները նրա և Դոնալդ Թրամփի միջև սառնության այս երեք պատճառներն են հիմնական համարում:

Մերձավոր Արևելքից տունդարձի ճանապարհին լրագրողները Թրամփին հարցրել են Իսրայելի վարչապետի հետ հարաբերությունների մասին: ԱՄՆ նախագահը գովել է «Բիբիի վճռականությունը» և ասել, որ նա հայտնվել է շատ բարդ իրավիճակում:

Թրամփը ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հարավային շրջանները ներխուժումն անվանել է «մեծագույն ողբերգություն»: Նա բացահայտել է, որ Պարսից ծոցի արաբ միապետերից մեկն իրեն խնդրել է Գազան «փրկել սովամահությունից»:

Այս մանվածապատ դիտարկումներից հետո Միացյալ Նահանգներն անդրադարձել է Իրանի հետ բանակցություններին և վերստին պնդել, որ Թեհրանին գրավոր առաջարկություններ է ներկայացրել:

Նա հույս է հայտնել, որ իրանական կողմը «գործարքի պայմանները կընդունի»: Թրամփն ասել է, որ Իրանը «նստած է նավթի և գազի անսպառ պաշարների վրա և միջուկային էներգիայի կարիք չունի»:

Ասվածից հասկացվում է, որ ԱՄՆ-ն Թեհրանին առաջարկել է հրաժարվել միջուկային ծրագրից, եթե անգամ նպատակը խաղաղ էներգիայի ստացումն է: Ըստ երևույթին, Թրամփի այդ հայտարարության հասցեատերը նաև Իսրայելի վարչապետ Նաթանյահուն է, որ, ինչպես հայտնի է, իրանա-ամերիկյան բանակցությունների մեկնարկին հայտարարել է, որ խնդրի լուծման միակ տարբերակն իրանական միջուկային օբյեկտների ոչնչացնումն է՝ ինչպես դա կատարվել է Լիբիայում:

Իրանի միջուկային ծրագրի մասին Թրամփի վերջին հայտարարությանը շատ հստակ հակադարձել է Իրանի նախագահ Փեզեշքիանը. «Մենք բանակցում ենք, բայց ոչ մի սպառնալիքից չենք վախենում»: Ավելի վաղ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Իրանն առաջարկում է ԱՄՆ մասնակցությամբ միջազգային կոնսորցիում ստեղծել, որ կզբաղվի խաղաղ նպատակներով ուրանի հարստացման և արտահանման ծրագրով:

Թեհրանն, ընդսմին, առաջարկում է միջուկային վառելիք տրամադրել Պարսից ծոցի արաբական երկրներին: Դիտարժան է, որ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքում գտնվելու օրերին Իրանի փոխարտգործնախարար Ղարիբաբադին Ստամբուլում բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ:

Իսրայելի վարչապետն ինչպե՞ս կարձագանքի Իրանի միջուկային ծրագրի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությանը: Դոնալդ Թրամփը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի միմյանց հակասող հայտարարություններ է արել:

Գործնականում, սակայն, Մերձավոր Արևելք նրա շրջայցի արդյունքները շատ պրագմատիկ են: Խոսքը շուրջ երկու տրիլիոն դոլարի ներդրումային ծրագրերի մասին է: Իսկ Իսրայելում ներքաղաքական իրավիճակն անկայուն է: Վաղը Բիբին կարող է հեռանալ: