Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեյին, որի հետ քննարկել է հայ-չինական երկկողմ գործակցության հարցեր: Խոսվել է նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման մասին:
Նիկոլ Փաշինյանը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ շփում էր ունեցել մայիսի 9-ին Մոսկվայում կայացած միջոցառումների շրջանակում:
Իհարկե, կարճատև այդ շփումները չեն կարող ենթադրել որևէ առանցքային բովանդակություն: Իսկ թե ինչպիսի բովանդակություն կա այսօր Հայաստանի ու Չինաստանի երկկողմ օրակարգում՝ այնքան էլ պարզ չէ:
Ավելին, շատ վաղուց չկա, ըստ էության, պաշտոնական կամ աշխատանքային ձևաչափի բարձր մակարդակի շփում: Իսկ այդ շփումների բացակայությունը այն մասին է, որ բացակում է նաև այդ մակարդակին համարժեք օրակարգ:
Այստեղ թերևս «գնդակը» Երևանի դաշտում է, համենայն դեպս այն բանից հետո, երբ ապրիլի սկզբին հայ-չինական հարաբերության 33-ամյա տարեդարձի կապակցությամբ հոդված էր հրապարակել այն ժամանակ դեռևս Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Այդ հոդվածում հանգամանալից անդրադառնալով հայ-չինական հարաբերությանը, նա, ըստ էության, Երևանին ներկայացրել էր կոնկրետ օրակարգային կենտրոնացում՝ Գլոբալ հարավի համատեքստում:
Երևանը, սակայն առայժմ, կարծես թե, չի արձագանքել դրան: Իհարկե, արձագանքի հնարավոր ձևաչափերը տարբեր են, և խոսքը, անշուշտ, թե՛ պատասխան հոդվածի և թե՛ հոդվածի առիթով Չինաստանին որևէ ուղերձի մասին չէ:
Պարզապես պաշտոնական Երևանն այդ ընթացքում որևէ «առիթ» չի «փնտրել» վարչապետի կամ ԱԳ նախարարի, կամ թեկուզ փոխնախարարի, կամ նույնիսկ Չինաստանում Հայաստանի դեսպանի մակարդակով այդ թեմատիկային անդրադառնալու համար:
Սա նշանակում է, որ Երևանը գոնե առայժմ թերևս անարձագանք է թողնում օրակարգային այն ուղղությունը, որ առաջարկում է Պեկինը:
Մինչդեռ, այսօր գլոբալ երկխոսության մակարդակում առնվազն ընդհանուր եզրերի դուրս չգալու պարագայում, հազիվ թե հնարավոր լինի դուրս գալ երկկողմ փոխհարաբերության տնտեսական արդյունավետության:
Հնարավոր է, որ Երևանը Չինաստանին «գլոբալ» ուղերձի համատեքստում իր մոտեցումները փոխանցել է նորանշանակ դեսպանի և վարչապետ Փաշինյանի հանդիպմանը:
Այդ հանգամանքը «ստուգելու» հնարավորություն կլինի տեսանելի ապագան և դրանում հայ-չինական հարաբերության որևէ բարձր մակարդակի հաղորդակցության դինամիկան:
Բաց մի թողեք
Ի՞նչն է խնդիրը, կամ՝ ո՞վ է խնդիրը, որ հարցը չի շարժվում տեղից, Բաքու՞ն
Ինքնորոշում. քաղաքական ազգի ֆենոմենը
Ի՞նչ արդյունք են քողարկում ստանդարտ արձանագրումները