23/06/2025

Ինչու է ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսը հրաժարվել Իսրայել այցից

ՋեյԴի Վենսը հրաժարվել է Իսրայել այցից՝ չցանկանալով հավանություն տալ Գազայում ռազմական գործողությունների ընդլայնմանը:

ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսը որոշել է չայցելել Իսրայել՝ չնայած նախապես քննարկվող ծրագրին։ Axios-ը, վկայակոչելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյային, գրում է, որ այցից հրաժարվելու հիմնական պատճառը եղել է այն մտահոգությունը, թե նման այցը կարող է ընկալվել որպես աջակցություն Իսրայելի կողմից Գազայի ռազմական գործողությունների ընդլայնմանը։

Իսրայելական պաշտոնյաների փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմը շաբաթ օրը տեղեկացրել է Իսրայելին, որ Վենսը կարող է կանգ առնել Թել Ավիվում՝ Հռոմում պապի ձեռնադրման արարողությանը մասնակցելուց հետո։ ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաները նույնիսկ սկսել էին նախապատրաստել հնարավոր այցը։ Իսրայելական մամուլում արդեն հաղորդվում էր, որ փոխնախագահը կարող է ժամանել երկուշաբթի օրը։

Սակայն մի քանի ժամ անց Սպիտակ տունը հերքել է լուրերը՝ նշելով, թե «լոգիստիկ դժվարությունները թույլ չեն տվել ընդլայնել նրա այցը Հռոմից դուրս»։ Բայց Axios-ին փոխանցած տեղեկություններով՝ իրականում լոգիստիկան եղել է երկրորդական։ Պաշտոնյան ասել է, որ երբ Վենսը կշռադատում էր հնարավոր այցելությունը, առաջացել է մտավախություն, որ նման քայլը կարող է ընկալվել որպես լռելյայն աջակցություն Իսրայելի նոր հարձակմանը Գազայում՝ մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ն փորձում է հասնել հրադադարի և գերիների փոխանակման համաձայնության։

Երեկ իսրայելական բանակը հայտարարեց Գազայում «ընդլայնված ցամաքային գործողությունների» մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «գործող վերահսկողություն հաստատել» որոշ տարածքների վրա։ Դա տեղի ունեցավ Քաթարում ընթացող անուղղակի բանակցությունների երկրորդ օրը, որոնք, սակայն, ավարտվեցին առանց առաջընթացի։