23/06/2025

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնյա

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ:

Ներքին գործերի նախարարությունից ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ հայտնել են, որ քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

«Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում՝ նախաքննության շահերից ելնելով»,- փոխանցեցին ՆԳՆ-ից:

ՀԿԿ-ից հայտնեցին. «Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»։

Տեղեկացանք նաեւ որ սա նոր քրեական գործ է, առնչություն չունի կաշառքի գործով անցնող մյուս պաշտոնյաների վերաբերյալ քրգործերի հետ։

Նշենք, որ վերջին ամիսներին ՀԿԿ-ն ավելի քան մեկ տասնյակ պաշտոնյաներ է ձերբակալել Երեւանի քաղաքապետարանից`  կաշառքի մեղադրանքով։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Երևանի ավագանու մայիսի 20-ի նիստում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Երևանի քաղաքապետարանում գործողություններ իրականացնելուն, պաշտոնյաների ձերբակալությանը:

«Քիչ առաջ լրագրողներն ասում են՝ այսօր Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում ձերբակալություննե՞ր են, ասում եմ՝ այո՛: Ասում են՝ ո՞նց է Երևանի քաղաքապետարանում ստացվում, ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք հասկանանք, որովհետև 2018 թվականից ի վեր ոչ մի բան չի կոծկվում, ոչ մի բան չի թաքցվում: Այո՛, լինելու են, շարունակելու են լինել…

Երևանի քաղաքապետարանում 20 հազարից ավելի մարդ կա: Այդ մարդիկ մեր բարեկամները չեն, այդ մարդիկ մեր ու ձեր նման քաղաքացիներ են, և դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել»,- ասել է Հովհաննիսյանը: