23/06/2025

Սին մխիթարանք․ Իրանը զորավարժություններում ստուգում է Ադրբեջանի օկուպացրած տարածքները

Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մեկնարկել է ադրբեջանա-իրանյան համատեղ զորավարժություն, որին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներ:

Ադրբեջանի օկուպացրած տարածքներում Իրանի հետ համատեղ զորավարժությունը կարող է պարունակել ուշագրավ շերտ, եթե նկատի ունենանք այն «համառ խոսակցությունները», ըստ որոնց, Իսրայելը օկուպացված այդ տարածքներում հիմնել է քողարկված ռազմա-տեխնիկական հենակետեր, որոնց թիրախում բնականաբար գտնվում է Իրանը:

Համենայն դեպս, ըստ լավատեղյակ աղբյուրների, Իսրայելը Ադրբեջանում ունի 4 կամ 5 այդպիսի հենակետ, որոնցից մի քանիսը հենց պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանն ու Իսրայելը հայտնեցին այդ տարածքներում այսպես ասած ագրոհամալիրներ հիմնելու պայմանավորվածության մասին: Մեծ հավանականությամբ, այդ համալիրների ներքո էլ գործում են տվյալ հենակետերը:

Ի դեպ, նաև համառ կասկածներ պտտվեցին, որ հենց այդ կետերից կարող էր լինել Իրանի նախագահ Ռեյիսիին տեղափոխող ուղղաթիռի նկատմամբ ռադիոէլեկտրոնային գրոհ, որը կարող էր լինել աղետի պատճառ:

Ուղղաթիռը վթարի էր ենթարկվել իրան-ադրբեջանական սահմանից ոչ շատ հեռու, երբ Իրանի նախագահ Ռեյիսին այդ սահմանին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո վերադառնում էր հետ:

Իհարկե, Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ աղետի պատճառը եղել են եղանակային պայմանները, սակայն այդուհանդերձ տարօրինակ էր, որ երեք ուղղաթիռից հենց նախագահին տեղափոխողն էր «խոցելի» դարձել եղանակային պայմանների տեսանկյունից:

2024 թվականի օգոստոսին, երբ լարվում էր իրավիճակը լիբանան-իսրայելյան գոտում՝ Հըզբոլլահի հետ մարտական գործողությունների համատեքստում, իսրայելական պետական հեռուստատեսությունը հայտնեց բավականին ուշագրավ մի տեղեկություն, որ Թել Ավիվը շտապ հետ է կանչում այս կամ այն պատճառով Վրաստանում և Ադրբեջանում գտնվող իր զինծառայողներին, քանի որ Իրանը կարող է թիրախավորել նրանց:

Սա փոքր-ինչ տարօրինակ հայտարարություն էր: Ինչպե՞ս էր Իրանը թիրախավորելու: Մեկ առ մեկ հետևելո՞վ:

Չէ՞ որ Իսրայելի զինծառայողները հազիվ թե համազգեստով շրջեին Վրաստանում ու Ադրբեջանում: Թե՞ Իրանը կարող էր թիրախավորել այն հենակետերը, որտեղ ծառայում էին նրանք: Հնարավոր է նույնիսկ, որ Վրաստանը այդ համատեքստում հիշատակված էր պարզապես Ադրբեջանը ուշադրության գերկենտրոնացումից փոքր-ինչ դուրս բերելու համար:

Այս ամենի համատեքստում, օկուպացված տարածքներում ադրբեջանա-իրանյան համատեղ զորավարժությունը կարող է վերածվել գուցե Իրանի ստուգայցի՝ գնահատելու համար, թե ինչպիսին է իրավիճակը և արդյո՞ք կան կասկածելի հանգամանքներ ու ռիսկեր Իրանի համար:

Իհարկե, պարզ է, որ Ադրբեջանը մանրամասն չի ներկայացնելու ամեն քար ու թուփ, բայց միևնույն ժամանակ, իրանցի զինվորականներն էլ, իհարկե, կունենան տեղանքի հանգամանալից զննության իրենց այսպես ասած մասնագիտական մեթոդաբանությունը, իրավիճակը առնվազն ընդհանուր ասպեկտներով գնահատելու համար: