ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 20-ին հայտարարեց նոր հրթիռային պաշտպանության համակարգի մեկնարկի մասին, որն անվանվել է «Ոսկե գմբեթ»։
Նախագծի նպատակն է ստեղծել ամբողջ ԱՄՆ տարածքը ընդգրկող պաշտպանական վահան՝ միջմայրցամաքային հրթիռային հարվածներից զերծ պահելու համար։ «Ոսկե գմբեթի» նախակծային արժեքը կազմում է 175 միլիարդ դոլար։
Ծրագրի ներկայացմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ Տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Մայքլ Գյուտլայնը։ Թրամփը նախաձեռնությունն անվանեց «Ամերիկայի պաշտպանության մեջ նոր դարաշրջանի սկիզբ», ընդգծելով, որ այն մի քանի անգամ ավելի ընդգրկուն ու տեխնոլոգիապես զարգացած է լինելու, քան ցանկացած առկա համակարգ։
«Մենք գործարկում ենք մի համակարգ, որը պաշտպանելու է Ամերիկայի յուրաքանչյուր սանտիմետրը՝ տիեզերքից վերահսկվող արբանյակներով, արհեստական բանականությամբ ու ամենաառաջատար տեխնոլոգիաներով։ Սա ոչ միայն պաշտպանություն է, այլ՝ հպարտության հիմք բոլոր ամերիկացիների համար», — ասաց Թրամփը։
Համակարգը հիմնվելու է սենսորների, հրթիռների և արբանյակային հարթակների ցանցի վրա, որոնք ի վիճակի են լինելու որսալ և խոցել թշնամու հրթիռները դեռ թռիչքի փուլում։ Նախագծի իրագործման առաջին փուլին տրամադրվել է 25 միլիարդ դոլար, իսկ համակարգի իրականացման պատասխանատվությունը վերապահվել է գեներալ Գյուտլայնին։
Թրամփը նաև շեշտեց նախագծի տնտեսական նշանակությունը. «Սա միլիարդավոր դոլարների ներդրում է ամերիկյան արդյունաբերության մեջ՝ աշխատատեղեր Միչիգանում, Տեխասում, Օհայոյում։ Սա պարզապես ռազմավարական ծրագիր չէ, այլ տնտեսական շարժիչ»։
Հայտարարությունը լայն արձագանք ստացավ նախագահին աջակցող շրջանակներում, հատկապես «X»-ում, որտեղ օգտատերերը այն համարեցին հստակ պատասխան աճող գլոբալ սպառնալիքներին։
Թրամփը եզրափակեց իր խոսքը հետևյալ ձևակերպմամբ․ «Սա լինելու է մեր ազգային ուժի փայլուն խորհրդանիշը՝ մի բան, որը աշխարհը դեռ երբեք չի տեսել։ Մենք այն կառուցելու ենք ավելի արագ, քան որևէ մեկը կսպասի»։
Բաց մի թողեք
Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ
Մակրոնն Իրանի նախագահին հորդորել է ազատ արձակել ֆրանսիացի կալանավորներին և երաշխավորել միջուկային ծրագրի խաղաղ բնույթը
Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվն ու Հայֆան