Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն երեքշաբթի օրը Բրյուսելում կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ռոյթերսի թղթակիցը հայտնում է Բրյուսելից, որ Բորիս Պիստորիուսը հայտարարել է Պուտինը միայն ժամանակ է շահում և հետաքրքրված չէ խաղաղությամբ։
«Մենք վերջին օրերին կրկին ականատես եղանք զանգվածային ռուսական հարձակումների… Դրանք ավելի խոսուն են, քան խաղաղության գործընթացի մասին հնչող հերթական խոստումներն ու պնդումները։
Ցավոք, հարկ է փաստել, որ Պուտինը խաղաղություն չի ուզում», – ասել է Պիստորիուսը ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների համատեղ նիստից առաջ։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է նոր, խիստ պատժամիջոցներով ավելի մեծ ճնշում գործադրի Մոսկվայի վրա, հատկապես՝ Ռուսաստանի էներգակիրների վաճառքի ոլորտում։
Չնայած այն բանին, որ Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարել են, թե պատրաստվում են վերսկսել բանակցությունները եվրոպական առաջնորդները նախագահ Դոնալդ Թրամփից տեղեկանալով Պուտինի հետ նրա հեռախոսազրույցի բովանդակությանը, որոշել են նոր պատժամիջոցներով ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն Պուտինին մեղադրել է կեղծավորության մեջ՝ հայտարարելով. «Երբ Պուտինը շարունակում է կեղծավոր լեզվով խոսել խաղաղությունից, մենք բոլորս հասկանում ենք՝ նա մտադիր է այս գաղութատիրական պատերազմը շարունակել մինչև վերջ, եթե մենք չկանգնեցնենք նրան»։ «Մեր նպատակը պետք է լինի դադարեցնել Պուտինի կայսերապաշտական մոլորությունը՝ ԵՄ-ի կողմից իսկապես զսպող պատժամիջոցների կիրառման միջոցով», – հավելել է Բարրոն։
Իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը ընդգծել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ճնշումը պետք է միասնական լինի։ «Եթե մոտ ժամանակում հրադադարի մասին համաձայնություն չլինի, ինչպես որ Ուկրաինան արդեն ընդունել է 60 օր առաջ, ապա պետք է լինեն կտրուկ գործողություններ։ Եվ մենք ցանկանում ենք դա տեսնել բոլոր այն կողմերից, որոնք հայտարարել են, թե հանդես են գալու որպես խաղաղության աջակից», – ասել է Կալլասը։
Բաց մի թողեք
Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ
Մակրոնն Իրանի նախագահին հորդորել է ազատ արձակել ֆրանսիացի կալանավորներին և երաշխավորել միջուկային ծրագրի խաղաղ բնույթը
Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվն ու Հայֆան