ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Մոսկվան և Կիևը պետք է ինքնուրույն լուծում գտնեն՝ պատերազմը դադարեցնելու համար, մայիսի 20-ին հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թրամփը հայտարարությունն արել է մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։
NYT-ի դիտարկմամբ, Թրամփը, կարծես թե, դուրս է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի վերաբերյալ անարդյունք բանակցություններից։
Քննարկումներին ծանոթ վեց պաշտոնյաներ անանուն մնալու պայմանով պարբերականին ասել են, որ Թրամփը հրաժարվել է իր սեփական սպառնալիքներից, թե ԱՄՆ-ն կմիանա Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներին։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թրամփը, հավանաբար, երբեք էլ չի հետաքրքրվել պատժամիջոցներին միանալով, եթե Ռուսաստանը հրաժարվի դադարեցնել կրակը։
Սպիտակ տան անանուն պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ լրացուցիչ պատժամիջոցները կխոչընդոտեն բիզնեսի զարգացմանը, և Թրամփը ցանկանում է առավելագույնի հասցնել ամերիկացիների համար տնտեսական հնարավորությունները։
Ինչպես նշում է հրատարակությունը, Թրամփը հետաքրքրված է Ռուսաստանի հետ գործարքներ կնքելով։ Աղբյուրները հայտնել են, որ Թրամփի հետ հեռախոսազրույցների ընթացքում Պուտինը հիմնականում խոսել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր տնտեսական գործարքների մասին։
Ինչպես նշում է NYT-ն, Եվրոպան այժմ շարժվում է դեպի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ, մինչդեռ Միացյալ Նահանգները ձգտում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ «Սա հենց այն պառակտումն է ՆԱՏՕ-ի ներսում, որը Պուտինը փորձել է ստեղծել և շահագործել իր սեփական շահերի համար վերջին երկու տասնամյակների ընթացքում»։
Բաց մի թողեք
ՌԴ համար Հայաստանի «բնակչությունը հայ-լուսավորչական համայնք է, ոչ թե՝ քաղաքականապես ինքնակազմակերպված հանրություն
Ադրբեջանցիները՝ Ալիևի գլխավորությամբ, Հայ առաքելական եկեղեցին համարում են Մոսադի գործակալ
Թուրքիան հայտարարում է տարածաշրջանում իր առաջնորդության մասին