Իլհամ Ալիևը Հունգարիայում հայտարարել է, թե Արցախի դեմ Ադրբեջանի երկրորդ պատերազմը մղվել է միջազգային իրավունքի շրջանակում: Նա մեջբերել է, թե ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածն արձանագրում է, որ յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք:
Իլհամ Ալիևը, իհարկե, կեղծում է՝ իր այդ կեղծիքով դրսևորելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի անիրավականությունը: Արցախը Ադրբեջանի համար չի ստեղծել վտանգ, որը կառաջացներ ինքնապաշտպանության անհրաժեշտություն:
Այո, եղել է կոնֆլիկտ, որի իրավաչափությունը, սակայն, ճանաչված է եղել նույն միջազգային իրավունքի երեք առանցքային սկզբունքների շրջանակում՝ տարածքային ամբողջություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում:
Այդ երեք սկզբունքների հիման վրա ընթացել է միջազգայնորեն ճանաչված կարգավորման գործընթաց, որն օժտված է եղել բացառիկ միջնորդական մանդատով՝ Մինսկի խմբի համանախագահություն:
Դրանք ձևավորվել են միջազգային կառույցների որոշումներով, որոնց լիարժեք հավանության է արժանացրել Ադրբեջանն ու այդ շրջանակում ներգրավվել գործընթացին: Ադրբեջանը խախտել է այդ ամենն ու դիմել ուժի կիրառման, իսկ առ այսօր նաև խոսում ուժի կիրառման սպառնալիքի լեզվով՝ Արցախը էթնիկ զտման ու լիովին հայաթափման ենթարկելուց հետո արդեն Հայաստանի հանդեպ:
Իլհամ Ալիևը Հունգարիայում նաև կրկին խոսել է Հայաստանին ներկայացվող պայմանների, այդ թվում՝ Մինսկի խմբի լուծարման պայմանի մասին:
Այդ հիշատակումով, Իլհամ Ալիևն ինքն էլ կամա, թե ակամա խոստովանում է, որ իր գործողություններն Արցախում ոչ մի ընդհանուր բան չեն ունեցել միջազգային իրավունքի հետ:
Ավելին, եղել են դրա կոպիտ ոտնահարում, և այդ հանցանքի հետքը ջնջելու համար էլ Իլհամ Ալիևը խոսելով ուժի կիրառման սպառնալիքի լեզվով՝ Հայաստանից պահանջում է դիմել Մինսկի խումբը լուծարելու համար:
Հայաստանին ներկայացվող այդ պահանջը այլ բան չէ, քան Արցախի հանդեպ հանցանքի խոստովանություն՝ դրա հետքը ջնջելու փութաջանությամբ:
Բաց մի թողեք
ՌԴ համար Հայաստանի «բնակչությունը հայ-լուսավորչական համայնք է, ոչ թե՝ քաղաքականապես ինքնակազմակերպված հանրություն
Ադրբեջանցիները՝ Ալիևի գլխավորությամբ, Հայ առաքելական եկեղեցին համարում են Մոսադի գործակալ
Թուրքիան հայտարարում է տարածաշրջանում իր առաջնորդության մասին