Մեծ Բրիտանիան նոր, ընդգրկուն պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի ռազմական, էներգետիկ և ֆինանսական հատվածների նկատմամբ։
Մայիսի 20-ին Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի դեմ լայնածավալ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ թիրախավորելով ռազմական արդյունաբերությունը, էներգետիկ ոլորտը և ֆինանսական հաստատությունները։ Մեծ Բրիտանիան իր իր այս քայլը համաձայնեցրել է Եվրամիության հետ, որը նույն օրը հրապարակել է համանման միջոցներ՝ Մոսկվայի վրա ճնշումն ավելացնելու նպատակով։
Բրիտանական կառավարության համաձայն՝ պատժամիջոցների այս նոր փաթեթը վերաբերում է 100 նոր թիրախների և կիրառվում է՝ շաբաթավերջին ռուսական անօդաչուների սարքերի կողմից Ուկրաինայի քաղաքների դեմ իրականացված հարվածներին ի պատասխան։ Ըստ Լոնդոնի՝ այս հարձակումը պատերազմի ընթացքում արձանագրված ամենախոշոր դրոնային հարձակումն էր։
Նոր պատժամիջոցները ուղղված են ռուսական զենքերի արտադրության մատակարարման շղթաների դեմ, այդ թվում՝ «Իսկանդեր» հրթիռային համակարգերի, Կրեմլի կողմից ֆինանսավորվող քարոզչական մարմինների, ինչպես նաև այն ֆինանսական կառույցների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել առկա պատժամիջոցները։
«Մենք կոչ ենք անում Վլադիմիր Պուտինին անհապաղ համաձայնել ամբողջական և անվերապահ հրադադարին, որպեսզի հնարավոր լինի բանակցել արդար և կայուն խաղաղության շուրջ», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմին։ Նա հավելել է, որ «խաղաղության ձգձգումը միայն կխորացնի մեր վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային և պատժամիջոցներով խաթարելու Պուտինի ռազմական մեքենան»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԵՄ առաջատար երկրների ղեկավարները համատեղ կոչ են արել Վաշինգտոնին միանալ իրենց՝ կիրառելու ավելի խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պուտինի միջև երկուշաբթի կայացած հեռախոսազրույցն ավարտվեց առանց հրադադարի համաձայնության։
Բրիտանական նոր պատժամիջոցները ընդգրկում են նաև «Սոցիալական դիզայնի գործակալություն» անունով հայտնի կառույցը, որը 2024-ին արդեն հայտնվել էր պատժամիջոցների տակ՝ որպես ռուսական ապատեղեկատվության հարթակ։ Լոնդոնի տվյալներով՝ այս կառույցը փորձել է հրահրել բողոքի ալիքներ եվրոպական տարբեր երկրներում։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև 46 ֆինանսական հաստատություններ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի արժութային բորսան և Ռուսաստանի ավանդների ապահովագրության գործակալությունը, որոնք, ըստ բրիտանական կողմի, նպաստում են պատժամիջոցների շրջանցմանը։
Բացի այդ, սանկցիաների ցանկում ներառվել են ևս 18 նավ՝ այսպես կոչված «ստվերային նավատորմից», որոնք օգտագործվում են Արևմտյան սահմանափակումները շրջանցելու և ռուսական նավթը արտահանելու համար։ Նավատորմի հետ կապ ունեցող անձինք ևս հայտնվել են սահմանափակումների ներքո, այդ թվում՝ մի բրիտանացի քաղաքացի, որը ներգրավված է եղել նավերի մատակարարման գործընթացում, և ստվերային նավթի տանկերների երկու ռուս նավապետ։
Բրիտանիան հայտարարել է նաև, որ աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ նավթի սահմանված 60 դոլարանոց գնի վերանայման ուղղությամբ, որպեսզի լրացուցիչ սահմանափակվի այն գինը, որով Ռուսաստանը կարող է վաճառել իր նավթը՝ օգտվելով Արևմուտքի ապահովագրական և փոխադրման ծառայություններից։
Բաց մի թողեք
Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ
Մակրոնն Իրանի նախագահին հորդորել է ազատ արձակել ֆրանսիացի կալանավորներին և երաշխավորել միջուկային ծրագրի խաղաղ բնույթը
Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվն ու Հայֆան