23/06/2025

«Խաչմերուկներ» փառատոնը միջազգային մրցանակով ամրապնդում է Հայաստանի ձայնը համաշխարհային երաժշտական դաշտում

Երևանում և Գյումրիում անցկացվող «Խաչմերուկներ» փառատոնն այս տարի ոչ միայն հյուրընկալում է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների, այլև ինքն է դառնում միջազգային ուշադրության կենտրոնում։ Փառատոնը դարձել է առաջին հայկական մշակութային նախագիծը, որին վստահվել է «Էռնստ ֆոն Սիմենս» հիմնադրամի աջակցությունը։

Այս մրցանակը գալիս է որպես միջազգային վստահության նշան, որը կարող է մեծապես փոխել հայ ժամանակակից երաժշտության ներկայությունն արտասահմանում։ Դա ոչ միայն ճանաչում է փառատոնի բարձր մակարդակը, այլև հայ երաժիշտների համար ստեղծում է հնարավորություն լինել միջազգային պրեմիերաների, պատվերների և համագործակցությունների կենտրոնում։

Փառատոնի ծրագիրը մեկնարկում է մայիսի 26-ին, ժամը 16:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ «Կոմպոզիտորի դիմանկար» շարքի շրջանակում ներկայացնելով ուկրաինացի կոմպոզիտոր Կարմելլա Ցեպկոլենկոյին։

Մայիսի 27-ին, ժամը 18:30-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կանցկացվի հանրային զրույց՝ ժամանակակից կոմպոզիտորների մասնակցությամբ։ Զրույցին կմասնակցեն Կարմելլա Ցեպկոլենկոն, Տիգրան Մանսուրյանը, Արամ Հովհաննիսյանը և Ռուբեն Անտոնյանը։ Նույն օրը՝ 19:30-ին, կկայանա փառատոնի բացման հանդիսավոր համերգը՝ «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։ Ծրագրում ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի հեղինակներ՝ Տիգրան Մանսուրյան, Կարմելլա Ցեպկոլենկո (փառատոնի պատվերով գրված ստեղծագործության համաշխարհային պրեմիերա), Ջուլիանո Բրակկի, Արամ Հովհաննիսյան, Ռուբեն Անտոնյան և Դյորդ Կուրտագ։

Մայիսի 28-ին, ժամը 11:00-ին, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում կանցկացվի վարպետության դաս Կարմելլա Ցեպկոլենկոյի հետ, որի ընթացքում հանդես կգան ուսանող-կոմպոզիտորներ՝ Նապոլեոն Պողոսյանը, Շուշան Արևշատյանը, Հուսեյն Սադեղը, Էրիկա Մարկոսյանը և Միլետա Ղազանչյանը։

Հունիսի 6-ին, ժամը 16:00-ին, Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կանցկացվի սեմինար՝ «Նախագծային մտածողությունը կոմպոզիցիայում» խորագրով, որը կվարի Արամ Հովհաննիսյանը։

Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 19:30-ին, ՀԲԸՄ դահլիճում՝ «Բումերանգ» անսամբլի (Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներ) կատարմամբ։ Հնչելու են Ալբան Բերգի, Ջորջ Քրամբի, Տիբոր Շիրովիչայի, Օլիվիե Մեսսիանի և Սիրիլ Սքոթի ստեղծագործությունները։