23/06/2025

Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար

«Ռոսոբրնադզորը» շուտով կներկայացնի միգրանտների ռուսաց լեզվի իմացության թեստավորման բանավոր փուլ ներդնելու առաջարկ:

Այս մասին հայտարարել է գործակալության ղեկավար Անզոր Մուզաևը։

«Բառացիորեն մոտ օրերս մենք հանդես ենք գալու լեզվի իմացության բանավոր մաս մտցնելու առաջարկով՝ տեսաձայնագրությամբ, որտեղ նա (միգրանտը) կհնչեցնի իր անունը, կպատասխանի հարցերին և երկխոսություն կվարի»,- ասել է նա։

«Մինչև այս տարվա վերջ՝ մոտ ապագայում, կներդրվի մոդել, որով չափահաս միգրանտները, այդ թվում՝ արտոնագրման համար եկածները, բանավոր քննություն են հանձնում տեսաձայնագրությամբ»,- հավելել է նա։

«Ռոսոբրնադզոր»-ի ղեկավարը նշել է, որ նախկինում գործակալությունը վերահսկիչ մթոդները փոխում էր միայն երեք տարին մեկ անգամ, այժմ «սա կլինի տարեկան մեկ անգամ առաջադրանքների թարմացմամբ»։

Պաշտոնյայի խոսքով՝ միգրանտների երեխաներն իրավունք ունեն նորից փորձել, եթե նրանք տապալեն թեստը։ Միաժամանակ, Ներքին գործերի նախարարությունը կարող է միջոցներ ձեռնարկել միգրանտ երեխաների ծնողների նկատմամբ, եթե նրանք ձախողեն դպրոցի ընդունելության քննությունը։

«Մեխանիզմը հետևյալն է՝ եթե նրանք դեռ չեն կորցրել մեր դպրոցներ ընդունվելու ցանկությունը, ապա երեք ամսվա ընթացքում ծնողներն իրենց հաշվին պետք է կրթեն երեխային, դասընթացներ գտնեն։ Նրանք իրավունք ունեն փորձել կրկին»,- ասել է Մուզաևը՝ պարզաբանելով, որ խոսքը վարչական տույժի մասին է։