01/07/2025

Անհանգստությա՞ն մասին է, թե՞ այլընտրանքային կոմունիկացիայի Ֆրանսիայի փորձի

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի շեմին՝ ժամեր առաջ, տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը:

Միարժեք ասել, որ այդ հեռախոսազրույցը կապված է Լավրովի ժամանման հետ, չենք կարող, սակայն կասկած չկա, որ դրա ընթացքում Արարատ Միրզոյանն ու Բարոն շոշափել են հարցեր, որոնք առնչություն են ունենալու Միրզոյան-Լավրով քննարկումներին, և ընդհանրապես Հայաստանում Լավրովի հանդիպումներին:

ՌԴ արտգործնախարարը հանդիպելու է նաև վարչապետ Փաշինյանի հետ: Հայտնի է, որ Սերգեյ Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորմանն առնչվող հարցեր:

Սա նաև բոլորովին անսպասելի կամ զարմանալի չէ, ու նաև կասկածից վեր է, որ քննարկվելիք հարցերի ամբողջ օրակարգը չէ: Բայց թերևս նաև հենց այդ թեմատիկան կարող էր հետաքրքրել Ֆրանսիային՝ հաշվի առնելով, որ գործնականում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերության հեռանկարներն են կանխորոշում Կովկասում աշխարհաքաղաքական ստատուս քվոյի տրամաբանությունն ու հնարավոր միտումները:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն օրերս Ալբանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության շրջանակում շփումներ ունեցավ թե՛ Ադրբեջանի նախագահ Ալիևի, թե՛ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Մակրոնը նաև հանդիպում ունեցավ Փաշինյանի հետ: Ալբանիայում հայ-ադրբեջանական թեմատիկան որոշակի տեսանելիության դաշտում էր, ի տարբերություն, օրինակ` վերջին ամիսներին մի քանի միջազգային այլ ֆորումների:

Սա, իհարկե, պայմանավորվում է Կովկասի հանդեպ եվրոպական հետաքրքրության աճով, ինչը բխում է ռուս-ամերիկյան երկխոսության հանդեպ Եվրոպայի ունեցած անհանգստություններից:

Հատկանշական է, որ Լավրովը Երևան է ժամանում Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի հաջորդ օրը: Հայտնի չէ, թե երկու ժամ ինչ են քննարկել Թրամփն ու Պուտինը, ինչ տեղ է այդ քննարկումներում ուղղակի, թե անուղղակի ունեցել Կովկասը, Թուրքիան բայց կարծես թե հեռախոսազրույցից հետո եվրոպական արձագանքները նույնքան դրական չեն, որքանն արձագանքել էին Թրամփն ու Պուտինը:

Իսկ Թրամփը խոսակցության արդյունքի մասին իրազեկել էր եվրոպացի գործընկերներին: Այս ֆոնին, Լավրովի այցից առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարարի զանգը Երևան վկայում է անհանգստությա՞ն մասին, թե՞ այլընտրանքային կոմունիկացիայի Ֆրանսիայի փորձի: